բաժանորդագրվելով
այստեղ, դուք կստանաք
այս կայքում կատարվող
բոլոր թարմացումները



Ելույթներ
Սերժ Սարգսյանի ելույթը Արտաշատ քաղաքում

04.02.2013

 

Բարև ձեզ,
Սիրելի՛ արտաշատցիներ,

Շատ շնորհակալ եմ, որ այսօր դուք այստեղ եք: Անկեղծորեն եմ ասում, ես չեմ համարում, որ դուք պարտավոր էիք այսօր գալ այստեղ: Ես էի պարտավոր գալ այս նույն հրապարակ, և ինչպես արդեն եղել է մի քանի անգամ՝ ձեզնից խնդրել վստահության քվե, որպեսզի կարողանամ շարունակել իրականացնել կարևոր ծրագրեր մեր երկրի զարգացման համար: Մենք շարունակում ենք մեր նախընտրական հանդիպումները և շարունակում ենք մեր ժողովրդի դատին ներկայացնել մեր ծրագրերը: Ծրագրեր, որոնք մշակված են մանրամասնորեն և ամբողջական են, ընդգրկում են իշխանությունների աշխատանքի, ինչպես նաև մեր ժողովրդի կենսագործունեության բոլոր ոլորտները:

Մեր նպատակն է ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ, որ պետք է ունենա ազատ և կիրթ հասարակություն: Ժամանակի այս պահանջը ակնհայտ է և առարկության չի հանդիպում որևէ մեկի կողմից: Ի՞նչ ենք մենք նախատեսում այս ուղղությամբ:

Պետության կողմից երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցում ենք կատարելու անվճար տասներկուամյա կրթության: Անվճար է լինելու նաև միջնակարգ մասնագիտական կրթությունը: Սոցիալապես անապահով խավերի համար ապահովելու ենք անվճար բարձրագույն կրթություն:

Մարզերում, այդ թվում՝ Արարատի մարզում, կառուցվելու են նոր մանկապարտեզներ, վերանորոգվելու են բոլոր դպրոցները: Յուրաքանչյուր առաջին դասարանցի անվճար ստանալու է համակարգիչ: Դպրոցներում ապահովելու ենք համացանցի ամբողջական և որակյալ սփռում: Բազմապատկելու ենք հայալեզու էլեկտրոնային կրթության բովանդակության ծավալները: Բայց մեր կրթական ծրագրերը չեն վերաբերում միայն ազգությամբ հայերին: Դրանք վերաբերում են Հայաստանի բոլոր քաղաքացիներին: Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար ընդլայնելու ենք որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորությունները:

Սիրելի՛ արտաշատցիներ,

Այն, ինչ ես հիմա թվարկում եմ, միայն բարի ցանկություններ չեն: Ասվածները կոնկրետ քայլեր են, որոնք հետևողականորեն իրականացվում են իշխանությունների կողմից: Այս խոսքերի հիմքում կոնկրետ ժամկետներ են և իրական հնարավորություններ: Մենք հստակ գիտենք, թե ինչ կարող ենք անել և ինչ չենք կարող անել այս պահին: Մենք ասում ենք միայն այն, ինչ կարող ենք անել: Մենք խոստանում ենք միայն այն, ինչի հիմքում իրատեսական հաշվարկներ են: Ե՛վ կրթության, և՛ գիտության ոլորտներում մեր քայլերը լինելու են արդյունավետ և անխուսափելիորեն հանգեցնելու են նոր՝ ավելի տեղեկացված ու հասուն հասարակության ձևավորմանը:

Համոզված եմ, որ մեր երկրում քաղաքական և տնտեսական ազատությունների ամենահուսալի երաշխավորը հենց այդ ազատ հասարակությունն է: Հայաստանի ոչ մի նախագահ, որքան էլ ուզենա, չի կարող իրական ժողովրդավարություն երաշխավորել, եթե չունենա հենարան: Կրթության, գիտության և մշակույթի ասպարեզներում կատարվող մեր քայլերով մենք ուժեղացնում և մեծացնում ենք այդ հենարանը: Միայն այդ դեպքում ժողովրդավարական գործընթացները կլինեն անշրջելի և շարունակական:

Սիրելի՛ արտաշատցիներ,

Լավ իշխանությունները երկնքից չեն ընկնում: Լավն էլ, վատն էլ դուք եք ձևավորելու: Եվ պատահական չէ, որ մարդու, քաղաքացու կրթությունը ես միշտ կապում եմ նրա ազատության հետ: Որովհետև միայն ազատ Հայաստանը կարող է լինել ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ:

Ազատ պաշտոնյաների և գործատուների կամայականություններից:
Ազատ ապօրինություններից ու բռնությունից:
Ազատ գրաքննությունից ու հավատաքննությունից:
Ազատ օրենքի և արդարադատության խտրական կիրառումից:
Ազատ, ամբարտավան ու սկսնակ գործիչների սին խոստումներից:

Դրանց մեծ մասը բոլորիս հայտնի է և դրանց համար նոր գյուտեր անելու կարիք չկա: Մենք որդեգրել ենք այն, ինչը հայտնի է վաղուց և ինչին, մեր կարծիքով, մեր ժողովուրդը պատրաստ է: Դրանցից են՝

Իշխանությունների հստակ տարանջատում և հակակշռում:

Քաղաքացիական վերահսկողության ինստիտուտների անկաշկանդ գործունեություն:

Ազգային և սոցիալական համերաշխություն:

Այս բանաձևերից յուրաքանչյուրի ներքո աշխատանքի մի հսկայական ճակատ կա, որտեղ մենք ջանքեր ենք գործադրել և շարունակում ենք գործադրել: Այս ճանապարհին լսել ենք կառուցողական և պատասխանատու, իսկ երբեմն նույնիսկ անպատասխանատու քննադատություն: Բայց հանդուրժողականությունը մենք համարում ենք քաղաքական գործընթացների հենասյունը մեր երկրում:

Մենք չենք խորշում քաղաքական այլակարծությունից, գաղափարական և գաղափարախոսական առողջ մրցակցությունից: Ավելին՝ մենք խորապես շահագրգռված ենք դրանում: Ե՛վ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, և՛ ներկա ընտրարշավի ընթացքում մենք տեսնում ենք, որ մեր խոսքը հնչում է համոզիչ, և մեր կողմնակիցների շարքերը խտանում են: Սա, իհարկե, նյարդայնացնում է ոմանց, բայց մենք համբերատար ենք:

Ասվածը չի նշանակում, թե իբր մենք այս ոլորտում բոլոր հարցերը լուծել ենք: Իհարկե՛ ոչ: Մենք դեռ շատ ու շատ անելիք ունենք այս ուղղությամբ: Բայց ասվածը խոսում է այն մասին, որ այդ հարցերի լուծումը մեր ժողովրդի մի հսկայական հատված կապում է մեզ հետ: Եվ սա փաստ է, որ լրացուցիչ պատասխանատվություն է դնում մեր ուսերին: Ժողովրդի վստահությունը մեծ պատասխանատվություն է: Դրա համար էլ ես այստեղ եմ և կոչ եմ անում կրկին վստահել ինձ՝ շարունակելու իմ քաղաքական ուղեգիծը և ստանձնելու նոր՝ ավելի մեծ պատասխանատվություն:

Սիրելի՛ հայրենակիցներ,
Սիրելի՛ ընտրողներ,

Իմ հենարանը դուք եք: Որքան ամուր և ազատ լինեք դուք, այնքան ամուր և ազատ կլինի ձեր Նախագահը: ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ սկսում է մեզնից: Ուրեմն՝ սկսենք հիմա: Միևնույն է վաղ, թե ուշ դա լինելու է, և որքան շուտ, այնքան լավ բոլորի համար:

Ես այս ընտրարշավում միայն ինձ չեմ ներկայացնում: Ես ներկայացնում եմ նաև իմ կուսակիցներին, իմ գաղափարակիցներին և մի ամբողջ թիմ, հսկայական թիմ: Մեզ միավորում են արժեքային համակարգը և նպատակները: Մենք հավատում ենք, որ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ հնարավոր է, և գիտենք դրան հասնելու ճանապարհը: Ես առաջարկում եմ ձեզ այդ ճանապարհը անցնենք միասին:

Սիրելի՛ արտաշատցիներ,

Վերջին իրադարձությունները մեր երկրում ցույց տվեցին, որ մեր ողջ հասարակությունը հավաքականորեն և ամեն մեկն անձնապես վճռական են քայլելու նոր ճանապարհով: Ոչ մի կրակոց չի կարող շեղել մեր ժողովրդին ընտրած ճանապարհից կամ կասեցնել նրա ընթացքը: Մենք կառուցում ենք այնպիսի տուն, ինչպիսին մե՛նք ենք ուզում: Եվ ուրիշի ցանկությունները մեզ համար միգուցե հարգանքի արժանի են, բայց պարտադիր չեն:

Գալիք ընտրություններում մեզ հարկավոր է համոզիչ հաղթանակ: Երբևէ եղած ամենահամոզիչը:

Այդ հաղթանակի ուժգնության մեջ յուրաքանչյուր պակասող ձայնը մեկ միավորով թուլացնելու է մեր կյանքը խաթարող արատների դեմ վաղվա մեր հարվածի ուժգնությունը:

Յուրաքանչյուր պակասող ձայնը մեկ միավորով ավելացնելու է բռնությամբ հարցեր լուծելու պատրաստ ստահակի ինքնավստահությունը:

Յուրաքանչյուր պակաս ձայնը մեկ միավորով բարձրացնելու է մեր երկրի և մեր անվտանգության հանդեպ սին հավակնություններ ունեցողների վայրահաչոցների տոնը:

Հիշեք խնդրում եմ յուրաքանչյուր ձայնի կարևորությունը, հիշե՛ք, որ ձեր քվեն ուժ է, որի կարիքը կա աղքատության, միգրացիայի, կաշառակերության, հովանավորչության, զոռբայության դեմ պայքարում: Ուժ է բոլոր արկածախնդիրների դեմ, ովքեր կարծում են, թե կարող են մեզ վախեցնել: Թույլ չենք տա: Համոզվա՛ծ եղեք:

Մեր ոգին ամուր է, և մեզնից յուրաքանչյուրն ամուր է ինքնին:
Մեզնից ոչ մեկը չի լքելու մարտի այս դաշտը:
Դա մեր երկրում բռնի ուժի դեմ իրավունքի գերակայություն հաստատելու մարտի դաշտն է:
Դա զոռբային լռեցնելու մարտի դաշտն է:

Սիրելի՛ արտաշատցիներ,

Այս ընտրապայքարին մասնակցող մյուս թեկնածուներն ինձ շատ են քննադատում: Բայց ես վստահ եմ, որ բոլորիս համար ամենասկզբունքային հարցերում մենք դաշնակից ենք: Քննադատում են, լա՛վ են անում, թո՛ղ քննադատեն, իհարկե պիտի քննադատեն, որովհետև նրանք դրանից, կարծես թե, հաճույք են ստանում:

Բայց ես վստահ եմ, որ ՀՆԱՐԱՎՈՐ Է, հաստատ ՀՆԱՐԱՎՈՐ Է հաղթահարել մեր երկրում գոյություն ունեցող բոլոր արատները:

Ես վստահ եմ, որ ՀԱՐՅՈՒՐ ՔԱՅԼ ՉԷ, ԱՅԼ ՀԱՐՅՈՒՐ ԱՆԳԱՄ ՀԱԶԱՐ ՔԱՅԼ էլ կանենք, որ ՉԿՈՐՑՆԵՆՔ ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՀԸ և իրականություն դարձնենք մեր երազանքների Հայաստանը:

Սիրելի՛ արտաշատցիներ,

Ես ավելի քան վստահ եմ, որ փետրվարի 18-ին դուք ցուցաբերելու եք բարձր քաղաքացիական պատասխանատվություն և բոլորդ միասին կազմակերպելու և անց եք կացնելու այնպիսի ընտրություններ, որոնց տված օգուտը բոլորս զգալու ենք ապագայում: Այդպիսի ընտրությունները մեզ օդ ու ջրի պես պետք են: Շատ շնորհակալ եմ, որ դուք այստեղ եք, որ դուք էլ եք ուզում քայլել դեպի ապահով Հայաստան տանող ճանապարհով, և այդ ճանապարհը որքան էլ երկար լինի, սկսում է հենց առաջին քայլից:

Շնորհակալություն ուշադրության համար: Հաջողություն բոլորիս:

 

← Վերադառնալ