բաժանորդագրվելով
այստեղ, դուք կստանաք
այս կայքում կատարվող
բոլոր թարմացումները



Ելույթներ
Սերժ Սարգսյանի ելույթը Վանաձոր քաղաքում

30.01.2013

 

Բարև ձե՛զ, սիրելի վանաձորցիներ,

Ես շատ շնորհակալ եմ և ուրախ, որ այսօր այստեղ եք, եկել եք ինձ լսելու, հուսով եմ, նաև սատարելու:

Հայաստանում նախագահական ընտրարշավը շարունակվում է, և թեկնածուները ներկայանում են մեր ժողովրդին: Իմ դեպքը մի փոքր այլ է, քանի որ ես նաև գործող նախագահն եմ: Դուք ինձ նոր չեք ճանաչում, և իմ քաղաքական կենսագրությունը ձեր աչքի առաջ է եղել: Մենք միասին անցել ենք փորձությունների միջով, միասին էլ արձանագրել ենք և՛ հաջողություններ, և՛ բացթողումներ:

Մենք ձեզ հետ միասին համատեղ ջանքերով ճանապարհ ենք հարթում դեպի ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ: Դա անում ենք հանուն մեզ, հանուն մեր զավակների և, բնական է, մեծ հաշվով՝ հանուն մեր երկրի: Դրա համար էլ ձեզ կոչ եմ անում ակտիվորեն մասնակցելու ընտրություններին: Մեր հաղթանակը պետք է լինի շատ համոզիչ: Ոչ մի կասկած ստվեր չպետք է ձգի մեր ժողովրդի կատարած ընտրության վրա: Այս կարևոր քաղաքական հարցը և նրա լուծումը ձեր ձեռքերում է:

Սիրելի՛ վանաձորցիներ,

Ես խոստանում եմ ձեզ, որ ընտրվելու դեպքում՝ գալիք հինգ տարիներին իմ ջանքերն ուղղվելու են նրան, որ պետական մեքենան, նրա յուրաքանչյուր օղակն աշխատի ավելի պարտաճանաչ և ավելի արդյունավետ: Այսօր մենք վերահսկելիության և թափանցիկության նոր հնարավորություններ ենք ներդնում կառավարման համակարգում` նրա ողջ լայնքով ու երկայնքով: Այս գործընթացներին նոր թափ և արագություն է հաղորդվելու: Քաղաքապետարաններից մինչև դատարաններ, կադաստրից մինչև հարկային ու մաքսային մարմիններ մենք ունենալու ենք տեղեկատվական այնպիսի հոսքեր, որոնք ապահովելու են ծառայությունների և՛ արագությունը, և՛ որակը: Այս ուղղությամբ մենք արդեն բավականին առաջ ենք գնացել, բայց մեր վերջնական նպատակն է, որ այլևս չթողնենք ոչ մի ասպարեզ մութ գործարքների համար: Յուրաքանչյուր անկյուն լինելու է լույսի տակ, և կաշխատենք, որ լինի նաև խոշորացույցի տակ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շարունակվելու, խորացվելու և կատարելագործվելու են բարեփոխումները, որոնց մենք ձեռնամուխ ենք եղել վերջին տարիներին: Ավելին` այդ բարեփոխումների իրականացմանը զուգընթաց մենք սրբագրում և լրամշակում ենք դրանք` հաշվի առնելով մեր հասարակական և սոցիալական կյանքի փոփոխվող իրողությունները:

Օրինակ` կրթության և գիտության ոլորտում հիմա արդեն մենք ասում ենք, որ ոչ մի լավ սովորող երեխա չի կորցնելու ուսումը շարունակելու հնարավորությունը անվճարունակ լինելու պատճառով: Նման դեպքեր նախկինում եղել են և, ցավոք, սակավաթիվ չեն: Մենք դա անպայման ապահովելու ենք:

Մենք արմատապես վերանայել ենք այն տեսակետը, թե իբր շուկայական տնտեսությունը ինքնաբերաբար կլուծի արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ առկա հարցերը: Ձեռներեցի և գյուղատնտեսի տքնաջան աշխատանքի արդյունքները չեն կարող թողնվել բախտի քմահաճույքին: Մենք պետական նպատակային աջակցություն ենք նախատեսում բոլոր ուղղություններով: Նման աջակցություն արդեն եղել է, ունենք նաև դրական արդյունքներ: Մենք զարգացնելու ենք այն դրական փորձը, որն արդեն ունենք և մերժելու ենք բացասական օրինակները, որոնք, ցավոք, նույնպես ունենք:

Սիրելի՛ վանաձորցիներ,

Խոստանում եմ, որ իմ վերընտրվելու դեպքում մենք նոր թափ ենք հաղորդելու Հայաստանում արդարադատություն իրականացնելու պրակտիկային: Մեր նպատակը երկրում իրավունքի գերակայության ապահովումն է: Մեր ցանկությունն է, որպես գոյություն ունեցող իրականություն` աչքի տեսածի և ականջի լսածի հիման վրա Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու մոտ ամրապնդել այն համոզմունքը, որ իր երկրում ինքը և իր իրավունքները իրապես պաշտպանված են: Սրանք ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ պարտադիր բաղկացուցիչներն են:

Մեր արտաքին քաղաքականությունը պետք է շարունակվի նույն ոգով և տրամաբանությամբ: Սա այն տեղը չէ, որտեղ կարելի է կտրուկ փոփոխություններ անել, եթե, իհարկե, որևէ էքսցես տեղի չի ունեցել: Այլ հարց է, որ մենք պետք է աշխատենք ավելի մեծ եռանդով, զարգացնենք խնդիրներ լուծելու նոր մեխանիզմներ, ավելացնենք տարբեր հարթակներում և ուժային կենտրոններում Հայաստանի շահերը պաշտպանելու, նախաձեռնություններն առաջ տանելու մեր հնարավորությունները:

Այո, ապահով կարող է լինել միայն ուժեղ Հայաստանը: Ուժեղ պետություն՝ մեր միջազգային գործընկերների, մեր բարեկամների, մեր մրցակիցների և հակառակորդների աչքերում: Ուժեղ պետություն՝ երկու ոտքով իր հողին ամուր կանգնած, իր երկիրը շենացնող քաղաքացու համար:

Վստահ եմ` բոլորդ շատ լավ պատկերացնում եք, թե ինչ մարտահրավերների է դիմագրավում մեր երկիրն այս անհանգիստ տարածաշրջանում: Ադրբեջանի և Թուրքիայի թշնամական կեցվածքը, փակ սահմանները, Թուրքիայի կողմից առաջադրվող տարաբնույթ նախապայմանները, Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի դրսևորումները, ագրեսիվ, ցինիկ, լկտի ու ռասիստական կոչերն օր օրի է՛լ ավելի են սրում իրավիճակը տարածաշրջանում:

Առավել քան համոզված եմ, ինչին անվերապահորեն հավատում ենք մենք, ստիպված է լինելու հավատալ նաև հակառակորդը: Շանտաժի ու նախապայմանների լեզվով անհնար է զիջումներ կորզել Հայաստանից: Ակնհայտ ստով և կեղծիքով հնարավոր չէ և չի լինելու մթագնել մեր հիշողությունը և ապագայի նկատմամբ մեր լավատեսությունը: Միևնույն է, Թուրքիան չի խուսափելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, ցեղասպանության և հայրենազրկման միջազգային դատապարտումից, չի խուսափելու իր երկրի ներսում իր իսկ հանրության կողմից սեփական իշխանությունների նկատմամբ օր օրի առավել սուր հնչող հարցադրումներից:

Ադրբեջանի ցանկացած արկածախնդրություն արժանանալու է առնվազն համարժեք արձագանքի: Ուժի սպառնալիքով հնարավոր չի եղել և չի լինելու ծնկի բերել Հայաստանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, կոտրել արցախցու ազատ և անկախ ապրելու իրավունքն ու նաև, իհարկե, կամքը:

Հայտարարել և հայտարարում ենք` մենք չունենք թշնամի ժողովուրդներ: Սրանք լոկ խոսքեր չեն, մենք լիովին հասկանում ենք, որ իշխանությունների կողմից սերմանվող հայատյացության թույնը չի կարող չազդել հասարակության և, առավել ևս, երիտասարդ սերնդի վրա: Ականատեսն ենք, թե ինչպես վատ առաջնորդությունը, սեփական հանրությանը թշնամանքի թույնով վարակելը կարող է պայթյունավտանգ դարձնել ողջ տարածաշրջանը: Բայց միևնույն է, ուզում եմ կրկնել՝ մենք չունենք թշնամի ժողովուրդներ, և ես համոզված եմ՝ այս խոսքերը 21-րդ դարում տեղեկատվական հոսքերի տարածման պարագայում կարող են լսելի և ընկալելի լինել սահմանից այն կողմ ապրող, աշխատող ցանկացած մարդու համար, անգամ նրանց, ում վրա սեփական իշխանության կողմից ներարկված թույնը հասցրել է ազդեցություն գործել:

Անգամ այս իրավիճակում, տարածաշրջանում տիրող լարվածության պարագայում, այո՛, մենք ունենալու ենք ապահով Հայաստան: Եվ այս նպատակին հասնելու համար առաջին և կարևորագույն գրավականը եղել և մնում է մեր բանակը: Մեր բանակը սահմանում և թիկունքում ծառայող մեր որդիներն են, մեր հայրերը, եղբայրներն ու քույրերը: Մեր բանակը ՄԵՆՔ ԵՆՔ: Այս գիտակցումով ապրող և արարող ժողովրդին հնարավոր չէ կոտրել:

Սիրելի՛ հայրենակիցներ,

ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ենթադրում է, որ մեր երկրում կարող են լինել հարուստներ և միջին խավ, բայց աղքատության այնպիսի խավ, ինչպիսին այսօր ունենք, չի կարող լինել: Աղքատության մակարդակը կտրուկ իջնելու է շնորհիվ տնտեսական զարգացման: Մենք արդեն դուրս ենք եկել այդ տնտեսական զարգացման ճանապարհ: Հարուստներ և հոծ միջին խավ՝ ահա ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ նկարագիրը, որ մենք միասին կարող ենք ձևավորել: Ես հավատում եմ դրան: Այդ պատճառով էլ հիմա կանգնած եմ այստեղ` ձեր առջև: Ես իմ ընտրությունն արդեն արել եմ` ծառայել ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ կայացմանը: Եվ հավատում եմ, որ դուք էլ կկատարեք ձեր ընտրությունը:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, սիրելի՛ վանաձորցիներ, որ ձեր ներկայությամբ և արձագանքով քաջալերում եք ինձ և մեր թիմին: Համոզված եղեք, որ այդ ոգևորությունը գործի կեսն է: Մյուս կեսն էլ մենք միասին ենք անելու:

Շնորհակալ եմ: Ուրեմն, առա՛ջ դեպի ապահով Հայաստան:

Ուզում եմ ձեր համբերությունը ևս կես րոպեով չարաշահել և ասել, որ ձեզ իմ ամենակարևոր խնդրանքը՝ փետրվարի 18-ին լավագույն ընտրություններ անցկացնելն է, որովհետև դուք եք ընտրում, և ձեր ընտրությունը պետք է որ, իրոք, որևէ կասկածի տեղիք չտա: Մենք այսօր հնարավորություն ունենք անցկացնելու լավագույն ընտրությունները, որոնք հնարավորություն կտան ընտրված Նախագահին լինել ուժեղ թե՛ միջազգային հարաբերություններում, թե՛ երկրի ներսում բարեփոխումներ իրականացնելիս: Եվ ես վստահ եմ, որ, ինչպես միշտ, այս անգամ ևս Վանաձորը կլինի առաջատարների շարքում:


 

← Վերադառնալ