բաժանորդագրվելով
այստեղ, դուք կստանաք
այս կայքում կատարվող
բոլոր թարմացումները



Ելույթներ
Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթը Կապանում

23.01.2013

 Սիրելի՛ կապանցիներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,

Հինգ տարի առաջ ես այստեղ էի և ձեզնից վստահության քվե էի հայցում: Այսօր կրկին ձեզ մոտ եմ՝ հաշվետվություն տալու արածի համար և ներկայացնելու այն անելիքները, որոնց շնորհիվ մեր երկիրը դառնալու է ավելի ապահով և ավելի մրցունակ:

Իմ նախընտրական ծրագիրն ընդգրկում է քայլեր, որոնք անհրաժեշտ են Հայաստանի պետության և հասարակության զարգացման համար և որոնք ներառում են մեր կյանքի բոլոր ոլորտները:

Կապանը Հայաստանի այն բնակավայրերից է, որն Արցախյան ազատամարտի օրերին իր վրա անմիջականորեն զգացել է պատերազմի ողջ սարսափները, ավերիչ ռմբակոծություններն ու տագնապները: Եվ դուք, սիրելի՛ կապանցիներ, համոզված եմ, որ բացատրության կարիք չունեք, թե ինչ է նշանակում «Ապահով Հայաստան»: «Ապահով Հայաստան» սյունեցիների համար առաջին հերթին նշանակում է խաղաղություն: Իսկ խաղաղություն հակառակորդին կարող է պարտադրել միայն ու միայն հզոր բանակը: Անցած ժամկետում մենք այդ ուղղությամբ աշխատել ենք և, թույլ տվեք ասել, որ վատ չենք աշխատել: Այստեղ ունենք լուրջ հաջողություններ, որոնք առաջիկա հինգ տարիների ընթացքում բազմապատկվելու են: Շարունակելու ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համալրումը ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, այդ թվում՝ հայրենական արտադրության: Վերջին զինավարժությունները ի ցույց դրեցին մեր բանակի հնարավորությունների մի փոքրիկ մասը միայն, բայց հասկացողների համար դա էլ բավարար էր ընկալելու, որ մեր տարածաշրջանում կա խաղաղությունն ապահովող երկաթե երաշխիք, և այդ երաշխիքը Հայկական բանակն է:

Սիրելի՛ կապանցիներ,

Ավելի ապահով Հայաստանի համար, որին մենք ձգտում ենք, միայն խաղաղ աշխատանքը բավարար չէ: Այդ աշխատանքը պետք է ունենա նաև բարձր արդյունավետություն: Գալիք տարիներին տնտեսության առաջընթացը մեծապես պայմանավորված է լինելու ձեռնարկատիրական գործունեության ակտիվությամբ: Այս նպատակով պետական աջակցության նշանակետում են փոքր և միջին ձեռնարկություններում նորարարությունների ներդրման խրախուսումը, ֆինանսական ռեսուրսների մատչելիության բարձրացումը և հարկային դաշտի ու վարչարարության պարզեցումը: Առանձնահատուկ աջակցություն է ցուցաբերվելու նոր բիզնես հիմնելու նախաձեռնություններին: Մենք մտնում ենք արդյունաբերական քաղաքականության ակտիվ իրագործման փուլ, որի արդյունքները հատկապես զգալի են լինելու այստեղ՝ Սյունիքում:

Սյունիքի քաղաքները պետք է ապրեն իրապես քաղաքային կյանքով, այսինքն՝ վերականգնվեն որպես մշակութային, կրթական ու առողջապահական կենտրոններ: Մենք այդ ուղղությամբ գործել և գործելու ենք:

Հարգելի՛ կապանցիներ,

Մենք պատերազմում հաղթանակած պետություն ենք: Մեր ներքին քաղաքականությունը, որն ուղղված է երկրում ժողովրդավարության խորացմանը և օրենքի գերակայության հաստատմանը, էականորեն բարեփոխել է մեր հասարակության մեջ առկա քաղաքական տրամադրությունները և նույնիսկ երկրի դիմագիծը: Մեր արտաքին քաղաքական դիրքորոշումները համերաշխ են միջազգային կառույցների մոտեցումներին: Մենք հիմքեր ունենք վստահորեն առաջ շարժվելու զարգացման բոլոր ուղղություններով: Ասել, թե չկան խանգարող հանգամանքներ, իհարկե ճիշտ չի լինի, բայց եղածը, որպես հիմք, լիովին բավարար է կտրուկ առաջընթաց ապահովելու համար: Պակաս կարևոր հիմքեր չեն կայունությունը, շարունակականությունն ու հետևողականությունը, որոնց կարող ենք հասնել ընթացիկ ընտրությունների արդյունքներով:

Ապահով Հայաստանի հիմքն են խաղաղությունն ու աշխատանքը: Խաղաղություն, որ պահպանում եք դուք և ձեր որդիները, աշխատանք և արարում, որ կրկին կատարում եք դուք: Ես ինչ էլ որ խոստանամ, միևնույն է, դրա անմիջական իրականացնողը դուք եք: Դրա համար էլ այսօր ես այստեղ եմ, որպեսզի նկարագրեմ այն ճանապարհը, որով միասին կարող ենք առաջ գնալ, և այստեղ եմ նաև նրա համար, որպեսզի ասեմ, թե ինչպես եմ հավատում և վստահում ձեզ: Ե՛վ պատերազմի օրերին, և՛ դրան հաջորդող բարդ ժամանակներում ես անձամբ վկան եմ եղել սյունեցու կորովին և նրա բացառիկ ամուր կեցվածքին, թե՛ կռվելու, թե՛ արարելու նրա մեծ ունակությանը: Մենք վկան ենք եղել հայրենասիրության այն տեսակին, որը մաքուր է բյուրեղի պես, Սյունիքի լեռնագագաթների ձյան պես մաքուր է:

Մենք՝ որպես իշխանություն, պարտք ունենք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների առաջ, որոնք արժանի են անհամեմատ ավելի բարեկեցիկ կյանքի: Մասնավորապես մենք պարտքեր ունենք սյունեցիների առաջ, որոնք պետք է մարվեն: Մենք ունենք անավարտ ծրագրեր, որոնք էականորեն և դրական առումով փոխելու են Սյունիքի սոցիալ-տնտեսական նկարագիրը: Այդ ծրագրերի մի մասն արդեն ընթացքի մեջ է: Եկել եմ ձեր աջակցությունն ստանալու այդ գործերը հաջող ավարտին հասցնելու համար:

Սիրելի՛ կապանցիներ,

Սյունիք-Լեռնահայաստանը ինձ համար առանձնահատուկ մեկնակետ է: Ինձ համար «Ապահով Հայաստանը» երազանք չէ, այլ շատ որոշակի ծրագիր, որ հնարավոր է իրականացնել հստակ փուլերով և հստակ ժամկետներում: «Ապահով» չի նշանակում միայն «անվտանգ»: «Ապահով» նշանակում է նաև «ապահովված»: Համակողմանիորեն ապահովված Հայաստան և համակողմանիորեն ապահովված քաղաքացի. ահա մեր նպատակակետը:

Այդ նպատակակետներին հասնելու մեր հավակնությունները պարզապես «բարի ցանկություններ» չեն: Դրանք այսօր ունեն լուրջ հիմքեր, որոնք նախապատրաստվել են անցած տարիների ընթացքում: Ավելին՝ մենք արդեն ունենք մեր քաղաքական և տնտեսական ուղեգծի ճշմարտացիությունը հաստատող առաջին պտուղները: Դրանք առաջին նշաններն են այն ծանրակշիռ բերքի ու վաստակի, որ մենք վաղը ձեզ հետ միասին ունենալու ենք: Ողջ Հայաստանի և մասնավորապես Սյունիքի ներուժը թե՛ գիտակրթական ու մշակութային, թե՛ տնտեսական առումներով դեռ լիովին բացահայտված չէ: Եվ դրա բացահայտումն անելու ենք միասին: Առաջին հերթին դրա բացահայտումն անելու եք դուք: Մեր խնդիրն է խթանել, աջակցել և ուղղորդել այդ գործընթացները: Եվ մենք միշտ դա անելու ենք:

Սիրելի՛ սյունեցիներ,

Թերևս Հայաստանում չգտնվի մեկը, ով չընդունի, որ Արցախի հուսալի թիկունքը Հայաստանն է: Ես սրան ավելացնում եմ հետևյալը: Այդ թիկունք կոչվածը թե՛ ֆիզիկա-աշխարհագրական, թե՛ ենթակառուցվածքային առումով՝ առաջին հերթին Սյունիքն է: Բայց պատերազմի ժամանակ եղավ մի պահ, երբ Արցախն էր Սյունիքի թիկունքը: Այսպես՝ մեջք-մեջքի, մենք առաջ ենք գնում: Այսպես մենք հավերժացնում ենք հայության դարավոր ընթացքը, որտեղ սյունեցին փառավոր էջեր է գրել՝ փայլեցնելով թե՛ իր սուրը, թե՛ իր խոփը, թե՛ իր գրիչը:

Երբեք չեմ կասկածել ձեր կամքին, նվիրումին և ունակություններին: Այսօր էլ համոզված եմ, որ միասին մենք տեսնելու ենք և միասին մենք վայելելու ենք մեր ձեռքերով կերտած ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ: Այն Հայաստանը, որը հեռավոր և անապահով ափերից դեպի իրեն է ձգելու իր որդիներին ու դուստրերին և շատերին է տուն վերադարձնելու:

Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, որ դուք այսօր այստեղ եք: Շնորհակալ եմ, որ եկել եք աջակցելու, եկել եք սատարելու: Իրոք, սիրելի կապանցիներ, գրեթե մեկ ամիս հետո մեր իրականության մեջ տեղի են ունենալու իրադարձություններ, որոնք կարող են կտրուկ փոխել Հայաստանի զարգացման հետագա ընթացքը: Խոսքս լավ, արդար, ազատ ընտրությունների կազմակերպման մասին է: Այնպես է ստացվել, իրերն այնպես են դասավորվել, որ հիմա մենք ունենք աննախադեպ հնարավորություն այդպիսի ընտրություններ կազմակերպելու: Ճիշտ է, որոշ մարդիկ և ոչ միայն մեր երկրում, փորձում են մեզ մեղադրել, որ ուժեղ մրցակիցներ չկան: Կարծես իշխանությունների գործը այն է, որ իր համար մրցակիցներ ստեղծի և հետո հերոսաբար հաղթահարի այդ խոչընդոտը: Իհարկե, դա մեր խնդիրը չէ: Մեր խնդիրը մրցակցային դաշտ ստեղծելն է: Մեր խնդիրն է՝ հնարավորություն տալ յուրաքանչյուրին, ով ցանկանում է առաջադրվել և պայքարել, որպեսզի նա այդ հնարավորություններից կարողանա լիարժեքորեն օգտվել: Գիտեմ նաև՝ շատերը դեմ են նրան, որ ամեն պատահական մարդ առաջադրվի և փորձի իրեն ճանաչելի դարձնել ողջ հանրապետությունում: Բայց, սիրելի՛ սյունեցիներ, սիրելի՛ կապանցիներ, ճիշտ ճանապարհը սա է: Մենք որևէ մեկին մեղադրելու իրավունք չունենք ոչ առաջադրվելու և, մանավանդ, ոչ էլ չառաջադրվելու համար: Ես վստահ եմ, որ դուք ամեն ինչ անելու եք լավ ընտրություններ անցկացնելու համար, որովհետև դա միայն ու միայն ձեզնից է կախված: Լավ ընտրություններն անհրաժեշտ են, որպեսզի մենք կարողանանք մեր երկրում լիաթոք առաջ տանել բարեփոխումները: Եթե մենք չկարողանանք լավ ընտրություններ անցկացնել, եթե մեզ պետք է մեղադրեն չարաշահումների մեջ, նշանակում է, որ մենք արժանի չենք առաջնորդելու մեր ժողովրդին:

Շատ շնորհակալ եմ և հույս ունեմ, որ ընտրություններից հետո մենք այլ թեմա ենք ունենալու խոսելու՝ շնորհակալություն ենք հայտնելու բոլոր նրանց, ովքեր եկել են ընտրություններին, ովքեր ակտիվ են եղել և նրանց ասելու ենք, որ նաև իրենց շնորհիվ հնարավորություն ունենք զարգացնելու մեր սիրելի Հայրենիքը:

 

← Վերադառնալ