բաժանորդագրվելով
այստեղ, դուք կստանաք
այս կայքում կատարվող
բոլոր թարմացումները



Մամուլի հաղորդագրություններ
Նախընտրական հանդիպում Կենտրոն վարչական շրջանում

16.02.2013

Քարոզարշավի շրջանակում Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում նախընտրական վերջին հանդիպումն է ունեցել ընտրողների հետ:

Իր ելույթում ՀՀ նախագահի թեկնածուն խոսել է ժողովուրդների ու պետությունների համար զարգացման ճանապարհների ընտրության մասին, առանձնացրել քաղաքակիրթ երկրների ընտրած՝ սահմանադրական ճանապարհի առավելությունները: «Եվ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահի այս ընտրությունների քարոզարշավի ընթացքում հաղթում է մեր Սահմանադրությունը, նրա տառը և ոգին: Եվ ես սրա մասին կարող եմ միայն հպարտությամբ խոսել:

Այո՛, այսօր Հայաստանում տեղի է ունենում հեղափոխություն: Դա սահմանադրական հեղափոխություն է, որ անում ենք բոլորս միասին: Եվ առաջին հերթին մեր հասարակության ակտիվ մասնակցությամբ:

Դա նաև Րաֆֆի Հովհաննիսյանի գեղեցիկ քարոզարշավն է՝ լի հազարավոր, տասնյակ հազարավոր ձեռքսեղմումներով: Դրա միջոցով Րաֆֆին փորձում է հասնել մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացուն: Ոմանք դրան փորձում են սարկազմով վերաբերել, բայց, ճիշտն ասած, իրականությունն այն է, որ Րաֆֆին մշակույթ է փոխում մեր երկրում, նոր քաղաքական ավանդույթ է արմատավորում: Նա ապացուցում է, որ ընդդիմադիր լինել՝ չի նշանակում շուրջբոլորը ատելություն տարածել:

Հիշում եք չէ՞, Հրանտ Բագրատյանը ժողովրդին ղրղզական և թունիսական ճանապարհ էր առաջարկում: Եվ շատ ժամանակ չի անցել այն օրվանից: Այսօր, որքան էլ համաձայն չեմ Հրանտի հետ, բայց հետաքրքրությամբ եմ դիտում հեռուստացույցով նրա հարցազրույցները: Եվ ուրախ եմ, որ նրա պես պատգամավորներ կան մեր Ազգային ժողովում, ով ծրագիր է գրում և փորձում է այլընտրանքային ճանապարհ ցույց տալ: Բազմաթիվ անգամ ես ասել եմ, որ նույնիսկ եթե մենք արմատից համաձայն չենք ցանկացած կարծիքի հետ, ապա այդ կարծիքը լռեցնելու իրավունքը չունենք: Մենք պետք է հնարավորություն տանք մարդուն իր կարծիքն արտահայտելու և եթե կարողանում ենք՝ ինքներս էլ հրապարակայնորեն պետք է վիճենք այդ կարծիքի հետ, եթե կարող ենք՝ իհարկե, նաև հերքել:

Ես շնորհակալ եմ ինձ ընդդիմադիրներին:

Ես համարում եմ, որ նրանց հետ միասին մենք, իրոք, հեղափոխություն ենք անում Հայաստանում:

Եվ դա սահմանադրական հեղափոխություն է:

Եվ դա հեղափոխություն է, որ առաջին հերթին, տեղի է ունենում մեր գիտակցության մեջ»,-ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահի թեկնածուն խոսել է նաև Հայաստանի տնտեսության զարգացման ընթացքի, մեր երկրի արտաքին ու ներքին քաղաքականության առաջնային խնդիրների և մարտահրավերների մասին, ընտրողներին ներկայացրել իր նախընտրական ծրագրով այդ խնդիրների լուծման համար նախատեսված քայլերը, պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին:
 

← Վերադառնալ