բաժանորդագրվելով
այստեղ, դուք կստանաք
այս կայքում կատարվող
բոլոր թարմացումները



Մամուլի հաղորդագրություններ
Հանդիպումներ Նուբարաշենում և Էրեբունիում

11.02.2013

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել մայրաքաղաքի Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջաններում:

Նուբարաշենցիների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ընդամենը օրեր հետո կայանալիք նախագահական ընտրություններին՝ Սերժ Սարգսյանը ցավով է նշել, որ մեր իրականության մեջ կան մարդիկ, ովքեր չարախոսելով փորձում են վարկաբեկել ընտրությունները: ՀՀ նախագահի թեկնածուն վստահություն է հայտնել, որ մեր ժողովուրդն իրեն բնորոշ իմաստությամբ, ինչպես մինչ այժմ է վարվել, ապագայում ևս կմերժի խեղկատակներին ու արկածախնդիրներին: Սերժ Սարգսյանի խոսքով, նախընտրական անցուդարձը երբեմն կարող է և հիասթափեցնող լինել, սակայն Հայաստանում կառավարման ժողովրդավարական համակարգն այլընտրանք չունի: Ժողովրդավարական համակարգը, ՀՀ նախագահի թեկնածուի խոսքով, երկրի ղեկավարներին պարտադրում է չկորցնել զգոնությունը, աշխատել թափանցիկ, հարգանք ցուցաբերել երկրի և նրա բոլոր քաղաքացիների հանդեպ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ինքն այդպես է աշխատել անցած հինգ տարիների ընթացքում և այսօր էլ նույն ոգով ներկայացել է ընտրողներին՝ նրանց քվեն խնդրելու առաջիկա հինգ տարիների համար:

Նա մեջբերել է թեկնածուներից մեկի արտահայտությունը, թե՝ «սա բարու և չարի պայքար է»: Նկատելով, որ մինչ այժմ թեկնածուները գոնե շատ թե քիչ իրենց կոռեկտ էին պահում, Սերժ Սարգսյանն անհասկանալի է համարել կրկին ամեն ինչ մերոնք-ձերոնքի, սև-սպիտակի, չարի և բարու բաժանելը և հռետորական հարց է բարձրացրել, թե ո՞վ է որոշում չարն ու բարին, և ընդհանրապես այդկերպ մտածող մարդիկ կյանքում լուրջ որոշումներ կայացրե՞լ են: ՀՀ նախագահի թեկնածուն անդրադարձել է նաև ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին հնչող հայտարարություններին՝ նման մոտեցումը որակելով ավանտյուրա և ընդգծել, որ այդ ճանապարհը ոչ մի տեղ տանող ճանապարհ է: Խոսելով բաժանարար գծերի, սև-սպիտակի մասին` Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը ցույց է տալիս դեպի լույսը, դեպի Հայաստանի վաղվա օրը՝ ապահով Հայաստան տանող ճանապարհը:

Նուբարաշենում Սերժ Սարգսյանն ընտրողներին ներկայացրել է իր նախընտրական ծրագրի դրույթները, դրանցից առանձնացրել հատկապես կրթության որակի և մատչելիության խնդիրները, երիտասարդների զբաղվածության, նրանց բնակարանային խնդիրների լուծումը, որոնք, ՀՀ նախագահի թեկնածուի հավաստմամբ, շարունակելու են մնալ առաջնահերթ ուշադրության կենտրոնում:

Սերժ Սարգսյանը Էրեբունի համայնքում հանդիպման ժամանակ իր ելույթում ի թիվս ներկաներին հետաքրքրող մի շարք այլ թեմաների, անդրադարձել է տարածաշրջանի ներկայիս վիճակին, առկա մարտահրավերներին, այդ իրավիճակում Հայաստանի առջև ծառացած խնդիրներին և որ կարևոր է՝ դրանց լուծման ուղիներին ու Հայաստանի զարգացման իր քաղաքական թիմի պատկերացումներին, ներկայացրել նաև իր ծրագրի առավելությունները մյուսների համեմատ. «Հայաստանը զարգանալու է բարձր նշաձողեր դնելով, սեփական ուժերին հավատալով ու իր զավակներին հետևողականորեն իր գիրկը հավաքելով:

Հայաստանը զարգանալու է իր երիտասարդների համար ժամանակակից առաջնակարգ կրթություն ստանալու լայն հնարավորություններ ստեղծելու ճանապարհով:

Հայաստանն առաջ է շարժվելու ներքին կարգապահության, հանրային կյանքի և տնտեսական միջավայրի բացասական երևույթների հանդեպ ընդգծված անհանդուրժողականության ճանապարհով:

Հայաստանը զարգանալու է աշխարհի հետ տնտեսական, ֆինանսական ու մշակութային համագործակցությունը խորացնելով:

Հայաստանը զարգանալու է առողջ, ամուր ու բազմազավակ ավանդական հայ ընտանիքի գոյությունը խրախուսելով:

Հայաստանը զարգանալու է օրենքի առջև բոլորի հավասարության, բազմակարծության, հանդուրժողականության, արդարության ու համերաշխության մթնոլորտի ապահովման ճանապարհով:

Հայաստանը զարգանալու է` ուղիղ նայելով առաջ, դեպի լավը, դեպի ժամանակակիցը, դեպի լույսը:

Ահա այս ճանապարհներով է զարգանալու Հայաստանը, սիրելի՛ էրեբունցիներ:

Եվ սա ապահով Հայաստան կառուցելու միակ ճանապարհն է»,-մայրաքաղաքի Էրեբունի համայնքում նախընտրական հանդիպման ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը:
 

← Վերադառնալ