բաժանորդագրվելով
այստեղ, դուք կստանաք
այս կայքում կատարվող
բոլոր թարմացումները



Մամուլի հաղորդագրություններ
Հանդիպումներ Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ համայնքներում

05.02.2013

Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում այսօր կայացած հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ընտրողներին ներկայացնելով իր նախընտրական ծրագիրը և անցած տարիներին իրականացված աշխատանքները՝ նշել է, որ յուրաքանչյուր քաղաքացի օրեր հետո որոշում է կայացնելու և քվեարկության ճանապարհով արտահայտելու է իր դիրքորոշումը՝ ընտրելով ՀՀ նախագահի թեկնածուներից մեկին: Քաղաքական գործչի անվան դիմաց նշում կատարելով, ըստ Սերժ Սարգսյանի, քաղաքացին ընտրելու է քաղաքական ծրագիր, Հայաստանի ապագայի վերաբերյալ որոշակի մոտեցում, քաղաքական թիմ և էլի շատ բաներ: Անդրադառնալով ընտրացուցակում ներկայանալիք ՀՀ նախագահի թեկնածուներին, Սերժ Սարգսյանն ընդգծել է, թե վստահ է՝ հանդիպման մասնակիցներից ոչ ոք չի կասկածում, որ բոլորն էլ հայրենասեր, մեր երկրի ապագայով մտահոգ ու Հայաստանի զարգացման սեփական պատկերացումներն ունեցող մարդիկ են:

«Մեր հասարակության մի հատվածը, իհարկե, ընտրելու է Պարույր Հայրիկյանին. մարդ, ով իր ողջ կյանքով ու ճակատագրով մարմնավորում է անկախ Հայաստանի միշտ վառ գաղափարը:

Հասարակության մեկ այլ հատված կընտրի Հրանտ Բագրատյանին. մարդ, որ ունի մեր երկրի զարգացման սեփական տեսլականը:

Հասարակության մի հատվածն էլ կընտրի Րաֆֆի Հովհաննիսյանին. մարդ, ով դարձել է անընդունելի երևույթների դեմ պայքարող հայրենասերի խորհրդանիշ:

Մնացածների մասին էլ կարող եմ դրական բաներ ասել, բայց ես եկել եմ ձեզ ներկայացնելու, թե ինչու պետք է մեր հասարակության մի հատվածն էլ ինձ ընտրի, ես ինչու եմ առաջադրվել և ինչ եմ առաջարկում ընտրել»,-մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում այսօր իր նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը:


Այս համայնքում ընտրողների հետ նա առավելապես խոսել է արագ փոփոխվող աշխարհում Հայաստանի առաջիկա անելիքների մասին՝ նշելով, որ ընտրարշավի նախորդ օրերին բազմաթիվ առիթներ է ունեցել խոսելու իր նախընտրական ծրագրի՝ «Ապահով Հայաստան»-ի տարբեր դրույթների մասին:

«Վերջին հինգ տարիների ընթացքում մեզ հաջողվեց էականորեն փոխել մեր արտաքին քաղաքականության իրականացման մեխանիզմները՝ առավել մեծ ուշադրություն դարձնելով գործի կազմակերպման որակական կողմին:

Մենք խորքից մերժել ենք ըստ իրավիճակի գործելու մոտեցումները, փոխարենը մեր գործելաոճն ենք դարձրել միջնաժամկետ ու երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի պլանավորումն ու դրանց հետևողական իրականացումը:

Այժմ գոհունակությամբ կարող ենք նշել, որ Հայաստանը տեսանելիորեն ավելացրել է իր ներգրավվածությունը տարածաշրջանային և ավելի լայն կտրվածքով միջազգային գործընթացներում: Ասածիս ապացույցն է վերջին տարիներին միջազգային վարկանիշային կազմակերպությունների կողմից պատրաստվող զեկույցներում Հայաստանի ցուցանիշների կտրուկ բարելավումը: Արտաքին քաղաքական նախաձեռնություններում մենք վաղուց թոթափել ենք անկախության վաղ շրջանին բնորոշ սպասողական ու աղճատված գործելաոճը:

Մեր տարածաշրջանը վաղուց դադարել է բնութագրվել սովորական դարձած աշխարհագրական սահմաններով: Այստեղ խաչաձևվել ու շարունակում են բախվել համաշխարհային ուժային կենտրոնների շահերն ու նպատակները: Հայաստանին հաջողվել է զանազանել առաջնայինն ու երկրորդականը և այդ ուժային կենտրոնների հետ շարունակել փոխշահավետ հարաբերությունների կառուցումը: Մեր գործընկերների կողմից Հայաստանն ընկալվում է որպես կայուն ու վստահելի գործընկեր»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահի թեկնածուն խոսել է նաև այդ ամենի հետ մեկտեղ տարածաշրջանում առկա լուրջ խնդիրների մասին, որոնք, նրա համոզմամբ, զգալիորեն վնասում են անվտանգության գործող փխրուն մեխանիզմների արդյունավետությունը: Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, դրանք առանց նախապայմանների կարգավորելու՝ Հայաստանի անկեղծ նախաձեռնությանը, Թուրքիայի իրարամերժ մոտեցումներին, ինչպես նաև արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին ու այդ համատեքստում Ադրբեջանի իշխանությունների անհեռատես քաղաքականությանը:

Քարոզարշավի ժամանակ ՀՀ նախագահի թեկնածուն խոսել է նաև անվտանգության գործող համակարգերում Հայաստանի մասնակցության մասին, ընդգծելով, որ այն հետապնդում է տարբերակված նպատակներ: Նա անդրադարձել է ՀԱՊԿ-ին, որը, Սերժ Սարգսյանի խոսքով, դարձել է լուրջ աշխարհաքաղաքական գործոն, խոսել է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության ընդլայնվող ծրագրերի մասին և շեշտել, որ նախագահներ Պուտինի ու Մեդվեդևի օրոք Հայաստանին հաջողվել է ստեղծել որակապես նոր հարաբերություններ, և կան բոլոր հիմքերը դրանք խորացնելու համար:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Հյուսիսատլանտյան դաշինքի հետ մեր երկրի համագործակցությանը, որը, նրա հավաստմամբ, նպատակ ունի արդիականացնել ՀՀ զինված ուժերը, տեղայնացնել այն դրականն ու կարևորը, որի կարիքն ունի Հայաստանը: «Մեր զինվորները պատվով են մասնակցում խաղաղապահ առաքելություններին և իրենց ավանդը ներդնում համաշխարհային խաղաղության հաստատման գործում»,-նշել է Սերժ Սարգսյանը:

Շենգավիթ համայնքում ՀՀ նախագահի թեկնածուն երևանցիներին հետաքրքրող բազմաթիվ թեմաների շարքում անդրադարձել է նաև մայրաքաղաքի խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ սկսված աշխատանքներին: «Մենք լրջորեն տրամադրված ենք փոխել մեր կյանքի որակը և մեր ժողովրդի կենցաղը: Միլիոնից ավելի բնակչություն ունեցող և մեծաթիվ զբոսաշրջիկներ ընդունող մայրաքաղաքը պետք է ապրի աշխույժ մշակութային կյանքով, ինչպես նաև ապահովի հարմարավետություն ոչ միայն իր բնակիչների, այլ նաև, իհարկե, հյուրերի համար, հատկապես` ենթակառուցվածքների և տրանսպորտի տեսանկյունից:

Մենք նոր թափ ենք հաղորդելու Երևանի ճանապարհների և հանգույցների շինարարությանը: Քաղաքապետարանն արդեն մշակել է մեծ ծրագիր: Այն ընթացքի մեջ է: Այնպես, ինչպես անցած տարի մենք պետական օժանդակություն ցուցաբերեցինք քաղաքապետարանին, որպեսզի նա կարողանա այս կարգի խնդիրներ լուծել, նույն կերպ և կրկնակի ծավալով անելու ենք այս տարի»,-վստահեցրել է Սերժ Սարգսյանը:

Նա ներկայացրել է նաև հասարակական տրանսպորտի արդիականացման, միջքաղաքային և ներքաղաքային տրանսպորտի կառավարման համակարգի հիմնովին վերափոխման ուղղությամբ նպատակադրումները:

Շենգավիթցիների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը խոսել է ազգային փոքրամասնությունների էթնիկ ինքնության պահպանման և մշակութային լիարժեք դրսևորման համար ստեղծվելիք լրացուցիչ հնարավորությունների, մշակութային ծառայությունների մատչելիության, բազմազանության և հանրապետության ողջ տարածքում համաչափության ապահովման անհրաժեշտության մասին ևս, ընդգծել գլոբալացվող աշխարհում ազգային ինքնության ու մշակութային ինքնատիպ նկարագրի պահպանման նպատակով հայրենիքում և սփյուռքում ներդրվելիք ջանքերի մասին: «Հավանություն տալով մեր ներքին և արտաքին քաղաքականությանը՝ մեր ժողովուրդը հավանություն է տալիս ժողովրդավարության և օրենքի գերակայության հաստատմանը մեր երկրում, ինչպես նաև հավանություն է տալիս խաղաղությանն ու կայունությանը»,-նախընտրական հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:

 

 

← Վերադառնալ