բաժանորդագրվելով
այստեղ, դուք կստանաք
այս կայքում կատարվող
բոլոր թարմացումները



Մամուլի հաղորդագրություններ
Նախընտրական հանդիպումներ Արարատի մարզում

04.02.2013

Սերժ Սարգսյանն այսօր շարունակել է նախընտրական քարոզարշավը՝ հանդիպումներ ունենալով Արարատի մարզի Մասիսի, Վեդիի, Արարատի, Արտաշատի ընտրողների հետ: Մարզի մեծ ու փոքր համայնքներում ՀՀ նախագահի թեկնածուն ներկայացրել է իր նախընտրական ծրագրի դրույթները, ապահով Հայաստանի մասին իր գլխավորած քաղաքական թիմի պատկերացումներն ու լսել հանդիպման մասնակիցների կարծիքները, առաջարկությունները և մտահոգությունները, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Արարատում նախընտրական առաջին հանդիպման ելույթից առաջ Սերժ Սարգսյանը նշել է, որ հաճելի է տեսնել, թե ինչպես է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն արագ ապաքինվում և ընդգծել է, որ Հայրիկյանի հետ կատարվածը փորձություն է, որից բոլորս միասին դուրս ենք գալու ավելի ամրացած, է՛լ ավելի միասնական: Սերժ Սարգսյանի խոսքով, ակնհայտ է, որ այդ հանցագործության նպատակն ընտրությունների վրա ազդելն էր: ՀՀ նախագահի թեկնածուի կարծիքով, ուրիշ նպատակ լինել չէր կարող և եթե անգամ բացահայտվի, որ դա կենցաղային հողի վրա է կատարվել՝ միևնույն է նպատակը դա է, որովհետև մարդը բոլոր դեպքերում Նախագահի թեկնածու է, և այդ հանցագործությունը կատարելու պահն ընտրվել է նախընտրական շրջանը:

«Չնայած այդ զազրելի հանցագործությանը, որն իմ համոզմամբ, ուղղված էր ոչ միայն Պարույր Հայրիկյանի, այլ մեր պետականության, մեր առաջընթացի դեմ, մեզնից յուրաքանչյուրը սա պետք է հասկանա և իր գործն ավելի լավ կատարի: Եվ մենք պետք է շարունակենք անխափան, հստակ աշխատանքը, որովհետև այդ հանցագործության նպատակը հենց դա է՝ խափանել մեր ընտրությունների բնականոն ընթացքը: Բայց ես վստահ եմ, որ մենք ձեզ հետ, մեր թիմի, մեր համաքաղաքացիների հետ միասին, բնականաբար, դա թույլ չենք տա: Այս իրավիճակում միայն ու միայն պետք է գործի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Եվ ես՝ որպես այդ Սահմանադրության երաշխավոր, խոստանում եմ ձեզ, որ բոլոր գործընթացները համապատասխանելու են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տառին և ոգուն»,-վստահեցրել է Սերժ Սարգսյանը:

Հանդիպումների ժամանակ նշելով, որ ընտրարշավի անցած օրերի ընթացքում ընտրողներն արդեն հասցրել են շատ բան տեսնել, երբեմն նաև իրարամերժ կարծիքներ լսել, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը շեշտել է, որ մեկ բան հաստատ է՝ մեր ժողովուրդը պահանջում է

- նոր որակի կառավարում,
- նոր որակի պետական և այլ ծառայություններ,
- նոր որակի կրթություն ու գիտություն,
- նոր որակի գյուղատնտեսություն և արդյունաբերություն,
- նոր՝ ավելի լավ բիզնես միջավայր և
- իհարկե նոր որակի ոստիկանություն և արդարադատություն:
Եվ ընդհանրապես պահանջում է նոր՝ ավելի բարեկիրթ բարոյահոգեբանական մթնոլորտ մեր երկրում:

Այս ցավոտ հարցերը, ըստ Սերժ Սարգսյանի, նախորդ տարիներին էլ իր կողմից մատնանշվել են՝ մեր քաղաքացիների, ամբողջ հասարակության ակնկալիքները հաշվի առնելով և հանդիպումների ժամանակ բազմիցս միասին քննարկել են: «Սրանք այն ուղղություններն են, որտեղ առկա խնդիրները լուծելով կարող ենք հասնել ապահով Հայաստան: Առանց դրա մենք չենք կարող ապահովել զարգացում»,-ասել է ՀՀ նախագահի թեկնածուն:

Արարատի մարզի ընտրողների հետ Սերժ Սարգսյանը խոսել է անցած հինգ տարիներին մի շարք ոլորտներում՝ առողջապահության, կրթության, ենթակառուցվածքների զարգացման ու մատչելիության, գյուղատնտեսության, երկրի համաչափ զարգացման ուղղությամբ սկիզբ առած և առաջիկա տարիների համար նախատեսված ծրագրերի մասին, անդրադարձել նաև կենսաթոշակների չարչրկված հարցի լուծման նպատակով նոր մեխանիզմների ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքին: «Վերջին տարիներին Հայաստանի տարբեր մարզերում կառուցվեցին և շահագործման հանձնվեցին ամենաժամանակակից հիվանդանոցային համալիրներ: Մենք շարունակելու ենք մարզային բժշկական հաստատությունների վերակառուցման և վերազինման ծրագրի իրականացումը:

Այդ ձևով մենք թոթափում ենք երևանյան հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը: Միևնույն ժամանակ, բուժումն ավելի մատչելի է դառնում մարզերի բնակիչների համար՝ ոչ միայն նվազեցնելով նրանց պրոբլեմները կապված ճանապարհի հետ, այլ հնարավորություն տալով, որպեսզի և՛ Երևանը բեռնաթափվի այդպիսով, և՛ երկրորդ՝ ավելի արդյունավետ դառնա բժշկական միջամտությունը: Վստահ եմ, որ այդ ձևով մենք փրկում ենք շատ կյանքեր, հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի մարդիկ օգտվեն առաջնային բժշկական օգնությունից: Վերջիվերջո, ակնհայտ է, որ բոլոր հարցերում և, առաջին հերթին, իհարկե, կապված առողջապահական խնդիրների հետ շատ ավելի արդյունավետ և ցանկալի է կանխարգելումը, քան հետևանքների վերացումը: Մենք շարունակելու ենք անել ամեն ինչ, որպեսզի կարողանանք բարձրակարգ բժշկական ապահովություն ստեղծել մեր քաղաքացիների համար, որովհետև ամեն մի փրկված կյանք մի երջանկություն է, ամեն մի ընտանիքի երջանկություն մեծ հաշվով մեր հասարակության երջանկությունն է»,-արարատցիներին ասել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ իր կարծիքով արդեն մոտեցել ենք պետպատվերի շրջանակներում նախատեսված հիվանդությունների ցանկն ընդլայնելուն, և այժմ խոսք է գնում մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար, օրինակ, շատ շուտով սրտի անհետաձգելի վիրահա¬տու¬թյունը երաշխավորելու մասին:

Արտաշատում ՀՀ նախագահի թեկնածուն խոսել է ժողովրդավարական գործընթացներն անշրջելի և շարունակական դարձնելու հրամայականի մասին, շեշտելով, որ իր գլխավորած քաղաքական թիմը չի խորշում քաղաքական այլակարծությունից, գաղափարական և գաղափարախոսական առողջ մրցակցությունից: Ավելին՝ խորապես շահագրգռված է դրանում: «Այս ընտրապայքարին մասնակցող մյուս թեկնածուներն ինձ քննադատում են, շատ են քննադատում: Բայց ես վստահ եմ, որ բոլորիս համար ամենասկզբունքային հարցերում մենք դաշնակից ենք: Քննադատում են, լա՛վ են անում, թո՛ղ քննադատեն, իհարկե պիտի քննադատեն, որովհետև նրանք դրանից, կարծես թե, հաճույք են ստանում:

Բայց ես վստահ եմ, որ ՀՆԱՐԱՎՈՐ Է, հաստատ ՀՆԱՐԱՎՈՐ Է հաղթահարել մեր երկրում գոյություն ունեցող բոլոր արատները:

Ես վստահ եմ, որ ՀԱՐՅՈՒՐ ՔԱՅԼ ՉԷ, ԱՅԼ ՀԱՐՅՈՒՐ ԱՆԳԱՄ ՀԱԶԱՐ ՔԱՅԼ էլ կանենք, որ ՉԿՈՐՑՆԵՆՔ ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՀԸ և իրականություն դարձնենք մեր երազանքների Հայաստանը»,-ընտրողներին ասել է Սերժ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ ժողովրդի վստահությունը մեծ պատասխանատվություն է, դրա համար էլ կոչ է անում կրկին վստահել իրեն՝ շարունակելու իր քաղաքական ուղեգիծն ու ստանձնելու նոր՝ ավելի մեծ պատասխանատվություն:

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր Մասիսի քաղաքապետարանում ներկա է գտնվել նաև համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացման արարողությանը, ծանոթացել ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ծրագրի ընթացքին:
 

← Վերադառնալ