բաժանորդագրվելով
այստեղ, դուք կստանաք
այս կայքում կատարվող
բոլոր թարմացումները



Մամուլի հաղորդագրություններ
Նախընտրական հանդիպումների երկրորդ օրը Լոռու մարզում

30.01.2013

 

Սերժ Սարգսյանն այսօր Լոռու մարզում շարունակել է իր նախընտրական հանդիպումները: ՀՀ նախագահի թեկնածուն մարզի Ստեփանավան, Սպիտակ, Վանաձոր քաղաքներում իր նախընտրական ծրագրի դրույթները ներկայացնելուց բացի, երկխոսության ձևաչափով անցկացված հանդիպումների ժամանակ պատասխանել է ընտրողների բազմաթիվ հարցերի, լսել նրանց առաջարկները, ակնկալիքները, մտահոգություններն ու կարծիքները:

Ստեփանավանում Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է նաև պայմանագրային զինծառայող Արտակ Ղաբուզյանի ընտանիքին, որտեղ նա եղել էր երկու տարի առաջ՝ 2011թ.: Արդեն նոր բնակարանում, թեյի սեղանի շուրջ Սերժ Սարգսյանը Ղաբուզյանների ընտանիքի անդամների հետ զրուցել է նրանց հետաքրքրող հարցերի, առօրյա խնդիրների մասին:

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սերժ Սարգսյանը Վանաձորում ներկա է գտնվել նաև բժշկական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը, այցելել Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցի:

Ստեփանավանցիների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն իր ելույթում երկրի զարգացման համար կարևորել է քաղաքական և տնտեսական ազատությունները, ընդգծել քաղաքացիական հասարակության, իշխանությունների ընթացիկ գործունեության նկատմամբ ամենօրյա վերահսկողություն իրականացնող հասարակական կազմակերպությունների դերը և նշել, որ նման գործընթացներն անհրաժեշտ է խրախուսել:

«Ես ձեզ կոչ եմ անում, սիրելի՛ ստեփանավանցիներ, ազատ կամարտահայտվել և՛ այսօր, և՛ ընտրությունների օրը, և՛ ընտրություններից հետո ընդհանրապես: Սա մեր երկրի առաջընթացի կարևորագույն պայմանն է»,-ասել է ՀՀ նախագահի թեկնածուն: Սերժ Սարգսյանը խոսել է նաև արագ փոփոխվող աշխարհում Հայաստանի տեղի ու դերի մասին: «Աշխարհը թևակոխել է փոթորկոտ տասնամյակ: Իրողությունները մեզ պարտադրում են գալիք տարիներին շարունակել բարելավել մեր հաստատուն տեղն ու դերը արագ փոփոխվող աշխարհում, ամրապնդել մեր անվտանգությունը` մեր երկիրն առաջնորդելով դեպի ավելի վստահ ու արժանապատիվ, առավել բարեկեցիկ, արդար ու ապահով Հայաստան: Ես տեսնում եմ այդ ճանապարհը` խարսխված համբերատար և քրտնաջան աշխատանքի, անմնացորդ նվիրումի, մեր հանրային կյանքը թունավորող բացասական երևույթները հետևողականորեն արմատախիլ անելու կամքի վրա: Ես գիտեմ, զգում ու տեսնում եմ այն արդարացի ակնկալիքները, որ մեր ժողովուրդն ունի: Այդ ակնկալիքներն արժանի են իրականություն դառնալու: Մենք առաջին հերթին հենց դա պիտի անենք:

Այս ընթացքում մենք կանգնել ենք մեր ամբողջ տնտեսության կառուցվածքը փոխելու պարտադրանքի առջև, և աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են: Սա ծանր փորձություն էր մեզ համար, բայց մենք անցնում ենք դրա միջով, որպեսզի տնտեսությունը դառնա ավելի ամուր, պակաս խոցելի: Ուզում եմ ասել, որ մեր և ձեր լավատեսությունը հիմքեր ունի, և այդ լավատեսությունն է առաջին հերթին թույլ տալու վստահորեն պնդել, որ ապահով Հայաստանի մեր նպատակադրումը իրական և իրատեսական է»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Սպիտակում ՀՀ նախագահի թեկնածուն խոսել է այդ համայնքի խնդիրների մասին, ներկայացրել դրանց լուծման ուղղությամբ անցած հինգ տարիներին իրականացված աշխատանքները, իրականություն դարձած խոստումներն ու հետագա ծրագրերը: «Ես հպարտ եմ, որ հետևողականության և նպատակադրման շնորհիվ մեզ հաջողվել է Սպիտակում կոտրել հուսահատության իներցիան։ Մեծ թվով անօթևան ընտանիքների հաջողվել է ապահովել սեփական բնակարանով, մնացած ընտանիքների բնակարանային խնդիրը կլուծենք տեսանելի ապագայում։ Սակայն ինձ ոգևորում է մեկ այլ հանգամանք՝ Սպիտակի պարագայում մեզ հաջողվել է համադրել անօթևանության խնդրի լուծման մի քանի մեթոդներ ու հնարավորություններ և արձանագրել ենք որոշակի արդյունք։ 2008թ․ խոստացել էի հնարավորինս նվազեցնել անօթևան սպիտակցիների թիվը։ 5 տարի անց կարող եմ պարզ ու շիտակ նայել ձեր աչքերին և ասել, որ մեծածավալ գործ է արվել»,-ընտրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ նախագահի թեկնածուն:



 

← Վերադառնալ