բաժանորդագրվելով
այստեղ, դուք կստանաք
այս կայքում կատարվող
բոլոր թարմացումները



Մամուլի հաղորդագրություններ
Հանդիպում Դավթաշեն վարչական շրջանի ընտրողների հետ

25.01.2013

«Տեղական և օտարերկրյա գործարարի ու ներդրողի համար Հայաստանը պետք է վերաճի գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից ապահով, կայուն և օրենքի գերակայությամբ բնորոշվող միջավայրի: Արդյունքը լինելու է առարկայական, տեսանելի և շոշափելի: Հետևողականորեն զարգանալու և արդիականացվելու են հարկային ու մաքսային համակարգերը, էական է դառնալու արդար դատական համակարգի դերը տնտեսության մեջ»,- մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանն այսօր ասել է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:

Դավթաշենցիներին Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր նախընտրական ծրագրի դրույթները, խոսել նաև մինչ այժմ իրականացված աշխատանքների, հաղթահարված դժվարությունների ու մարտահրավերների մասին և պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Նախագահի թեկնածուն վստահեցրել է, որ շարունակվելու է տնտեսության արդիականացման ուղղությամբ աշխատանքը, ինչը նշանակում է նաև մրցակցային պայմանների հետևողական բարելավում: Բիզնեսի համար հարմարավետ միջավայրի ստեղծման ուղղությամբ ջանքերը ևս, Սերժ Սարգսյանի հավաստմամբ, լինելու են շարունակական և հետևողական: Դավթաշենցիների հետ Սերժ Սարգսյանը խոսել է նաև մենաշնորհի ձգտող մեծ կապիտալի փոխարեն ազգային կարգավորման և ներդրումային քաղաքականության արդյունավետ մեխանիզմների ստեղծման անհրաժեշտության մասին, ինչի արդյունքում, նրա համոզմամբ, հնարավոր կլինի խրախուսել նոր նախաձեռնությունները, նոր տեխնոլոգիաների ներմուծումն ու նոր լուծումների կիրառումը:

ՀՀ նախագահի թեկնածուն ընդգծել է, որ անհրաժեշտ է խրախուսել յուրաքանչյուր անհատի նախաձեռնությունը, հաջողության հասնելու նրա ձգտումը: «Ենթադրյալ կամ տեսական արդարությունից մենք պետք է անցնենք իրական և հստակ արդարության: Դրա համար մեր հասարակության յուրաքանչյուր անհատ պարտավոր է ընտրություն կատարել և պատասխանատվություն կրել իր կատարած ընտրության համար»,-ասել է Սերժ Սարգսյանը:

 

← Վերադառնալ