բաժանորդագրվելով
այստեղ, դուք կստանաք
այս կայքում կատարվող
բոլոր թարմացումները



Ապահովված գյուղ, արդյունավետ գյուղատնտեսություն

Գյուղի և գյուղատնտեսության խնդիրների միասնական դիտարկումը մենք հայտարարել ենք որպես իրականացվող քաղաքականության առանցքային փոփոխություն: Մենք պարտավոր ենք, բարձրացնելով գյուղատնտեսության արդյունավետությունը, գյուղում զուգահեռաբար ստեղծել կյանքի հարմարավետ պայմաններ: Չի կարող լինել զարգացող գյուղատնտեսություն՝ առանց հարմարավետ գյուղի:

Գյուղատնտեսությամբ զբաղվելը գրավիչ և շահավետ դարձնելու նպատակով շարունակելու ենք ոլորտում կատարվող ներդրումներն ու աջակցությունները՝ մատչելի վարկավորում, պարարտանյութեր, դիզվառելիք, սերմացու և այլն: Շարունակվելու է գյուղատնտեսական տեխնիկայի ու տեխնոլոգիաների արդիականացման գործընթացը: Մատչելի ֆինանսավորման և սպասարկման ճկուն մեխանիզմների կիրառման արդյունքում գյուղացու համար ժամանակակից տեխնիկայի ու սարքավորումների ձեռքբերումը դառնալու է ձեռնտու:

Գյուղատնտեսական արտադրության արդյունավետության և ապրանքայնության մակարդակի բարձրացման, եկամտաբերության ավելացման նպատակով քայլեր ենք ձեռնարկելու գյուղատնտեսական կոոպերացիայի խթանման ուղղությամբ: Կարևորություն է տրվելու չօգտագործվող վարելահողերի գյուղատնտեսական շրջանառության մեջ ներգրավման և ոռոգվող հողատարածքների ընդարձակման խնդիրներին: Հետևողական աշխատանք է տարվելու հեռագնա արոտավայրերը ակտիվ շրջանառության մեջ ներգրավելու ուղղությամբ:

Ամեն կերպ խթանելու ենք բարձր ավելացված արժեք ապահովող ճյուղերի՝ խաղողագործության և պտղաբուծության զարգացումը: Ֆինանսական զգալի ներդրումներ են կատարվելու ժամանակակից տեխնոլոգիաներով պտղատու այգիների հիմնադրման և այգեգործության արժեշղթայի զարգացման ուղղությամբ:

Մշտական ուշադրության կենտրոնում են գտնվելու ագրովերամշակման ոլորտի զարգացման և թարմ ու վերամշակված գյուղատնտեսական արտադրանքի արտահանման գործընթացները:

Նպաստավոր պայմաններ ենք ստեղծելու ջերմոցային տնտեսությունների զարգացման և տարածքների ավելացման համար, որի շնորհիվ կմեղմվեն բանջարեղենի հիմնական տեսակների գների սեզոնային տատանումները, ինչպես նաև շեշտակիորեն կավելանան դրանց արտահանման ծավալները և կստեղծվեն մեծ թվով նոր աշխատատեղեր:

Ձկնաբուծության ոլորտում աստիճանաբար ներդրվելու են արդի լավագույն տեխնոլոգիաները, և ստեղծվելու են ձկնամթերքի վերամշակման ժամանակակից կարողություններ՝ ապահովելով տարեկան արտադրանքի թողարկման էական աճ:

Անասնապահության ցուցանիշների էական բարելավումը կպայմանավորվի տոհմային երինջների ներկրմամբ և սելեկցիայի առաջավոր տեխնոլոգիաների կիրառմամբ:

Ներդնելու ենք սննդամթերքի անվտանգության միջազգային չափանիշներին համապատասխանող վերահսկիչ մեխանիզմներ, որպեսզի սպառողը համոզված լինի, որ հայկական արտադրության ցանկացած պարենամթերք անվտանգ է և բարձրորակ:

Հակակարկտային կայանների կառավարման ժամանակակից համակարգերի կիրառման միջոցով կնվազեցվեն բնակլիմայական ռիսկերը:

Գյուղում շարունակելու ենք բարձրացնել կյանքի որակը: Կենցաղը, գյուղում մատուցվող ծառայությունները պիտի իսկապես որակյալ դառնան: Գյուղական համայնքների կարողությունների ավելացման միջոցով դրանց լիովին հասանելի պետք է դառնան խմելու ջուրը, գազը, էլեկտրաէներգիան, հեռախոսակապը, համացանցը, բարձրորակ բժշկական ծառայությունները: Գյուղական ճանապարհների էական բարելավումն ու տրանսպորտային զարգացած ցանցերի ձևավորումը գյուղացու համար կավելացնեն նրա կարիքների բավարարման հնարավորությունները: