բաժանորդագրվելով
այստեղ, դուք կստանաք
այս կայքում կատարվող
բոլոր թարմացումները



Աշխատանք և արժանապատիվ վաստակ

Հայաստանի տնտեսական զարգացումն առաջնորդվելու է բարձր արտադրողականության և տեխնոլոգիական նոր որակ կրող արդյունաբերության ձևավորման, արտաքին շուկաներում տեղական արտադրողի և արտահանողի համար բարենպաստ ռեժիմների երաշխավորման, երկրի ներսում ազատ տնտեսական գոտիների կայացման, արդյունավետ արտաքին ներդրումների ներգրավման ու գործարար միջավայրի համակարգային բարելավման քաղաքականությամբ:

Այսուհետ խելամիտ շուկայական կարգավորումը փոխլրացնելու ենք իրական հատվածում պետության արդյունավետ միջամտությամբ` առաջին անգամ ակտիվ տնտեսական քաղաքականությունը դարձնելով զարգացումն ուղղորդող հիմնական գործելաոճ:

Զարգացման քաղաքականության հիմնական նպատակն է լինելու միջին և բարձր որակավորում պահանջող աշխատատեղերի ստեղծումն ու տնտեսությունում արտադրողականության բարձրացումը:

Արդյունաբերական քաղաքականությունը մտնում է ակտիվ իրագործման փուլ: Երկրի արդյունաբերական համակարգի ձևավորման առանցքը կազմելու են մրցունակ տեխնոլոգիաներ կիրառող ու նորարարական արդյունք ստեղծող ոլորտները:

Այս նպատակին հասնելու համար կարևորում ենք արտադրության և իրացման գլոբալ արժեշղթայում Հայաստանի դերի մեծացմանը նպաստող համարձակ նախագծերի իրականացումը: Հեղինակավոր ընկերությունների ներգրավում, ազատ տնտեսական գոտիների արդյունավետ գործարկում, միջազգային շուկայում հայկական ծագում ունեցող ապրանքների հեղինակության ու ճանաչելիության բարձրացման միջոցառումներ. սրանք են լինելու երկրի տնտեսությունը՝ արտահանմանն ուղղված զարգացմանը տանող առաջնային գործիքները: Այս բոլոր գործընթացներում առաջնորդվելու ենք մեր որդեգրած սկզբունքով` ծրագրերի ու նախագծերի իրականացման բոլոր փուլերում մասնավոր հատվածին դիտելով որպես գործընկեր:

Այս միջոցառումների և նախաձեռնությունների նպատակն է նոր՝ ապահով աշխատատեղերի ստեղծումը:

Բարձր արտադրողական և միջազգայնորեն մրցունակ տնտեսության կառուցման գրավականներից է լինելու միջազգային տնտեսական ինտեգրացման խորացմանը նպաստող մեխանիզմների լիարժեք կիրառումը: Այս գործում ընդգծված նշանակություն է ունենալու գոյություն ունեցող ազատ առևտրային մեխանիզմներից օգտվելը և ինտեգրացիոն տարբեր գործընթացներին ակտիվ մասնակցությունը. գործողություններ, որոնք թույլ կտան հայրենական արտադրողին առավել նպաստավոր և ազատ մուտք ունենալ հնարավորինս շատ շուկաներ: Գործընթացների դրական ազդեցությունների երաշխավորման համար առաջնային են լինելու տնտեսությունում ստեղծվող որակի վերահսկման համակարգի արմատական վերափոխմանն ուղղված քայլերը:

Բիզնեսի համար հարմարավետ միջավայր ստեղծելու մեր ջանքերը լինելու են շարունակական ու հետևողական: Տեղական և օտարերկրյա գործարարի ու ներդրողի համար Հայաստանը վերաճելու է գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից ապահով, կայուն և օրենքի գերակայությամբ բնորոշվող միջավայրի: Արդյունքը լինելու է առարկայական, տեսանելի և շոշափելի` երկիրը գործարար միջավայրի դյուրինության տեսակետից ընդգրկելով աշխարհի առաջատար երկրների շարքում: Հետևողականորեն զարգանալու և արդիականացվելու են հարկային ու մաքսային համակարգերը, էական է դառնալու արդար դատական համակարգի դերը տնտեսական հարցերում:

Տնտեսության առաջընթացը մեծապես պայմանավորված է լինելու ձեռնարկատիրական գործունեության ակտիվացմամբ, որն արդյունավետ զարգացման կարևորագույն պայման է: Այս նպատակով պետական աջակցության նշանակետը փոքր և միջին ձեռնարկությունների շրջանում նորարարությունների ներդրման խրախուսումն է, բիզնեսկրթության մշակույթի արմատավորումը, ֆինանսական ռեսուրսների մատչելիության բարձրացումը, կանանց ձեռներեցության խրախուսումը, միջազգային շուկայում ընկերությունների դիրքավորումը և հարկային դաշտի ու վարչարարության պարզեցումը: Առանձնահատուկ աջակցություն է ցուցաբերվելու նոր բիզնես հիմնելու նախաձեռնություններին:

Շարունակելու ենք նորարարական համակարգի կայացման աշխատանքները` զուգահեռաբար ներդնելով տնտեսության մեջ դրանց համատարած կիրառման արդյունավետ աջակցության մեխանիզմներ:

Տնտեսության զարգացմանը և արտաքին աշխարհի համար նոր ու ինքնատիպ դիմագիծ ունեցող Հայաստանի բացահայտմանն ու ճանաչմանը նպաստելու է զբոսաշրջային քաղաքականությունը:

Զարգացման հենասյուները դրվելու են ուղղորդված ներդրումային քաղաքականությամբ` որպես առաջադեմ տեխնոլոգիաների փոխանցման և արտահանման հնարավորությունների ընդլայնման կարևոր մեխանիզմ:

Քաղաքականության այս շեշտադրումներով ենք ապահովելու տնտեսական զարգացման այնպիսի փոխակերպումը, որի արդյունքում Հայաստանի քաղաքացին ստեղծելու է բարձրարժեք և մրցունակ ապրանք ու ծառայություն, ունենալու է երաշխավորված աշխատանք իր երկրում ու բավարար ճկունություն՝ աշխատաշուկայում իր գիտելիքն ու կարողությունն անկաշկանդ իրացնելու համար, սպառողական պահանջարկը բավարարելիս ընտրության շարժառիթ է դառնալու որակը: Եվ, որ ամենակարևորն է, յուրաքանչյուր հայաստանցի իրական երաշխիք է ունենալու, որ իր երեխաներն ապրելու են առաջադեմ ու ապահով Հայաստանում: