բաժանորդագրվելով
այստեղ, դուք կստանաք
այս կայքում կատարվող
բոլոր թարմացումները



Ազատ Հայաստանն է ապահով Հայաստանը

Դարեր ի վեր մեր ժողովրդի բաղձալի երազանքն են եղել ազատությունը և անկախ Հայրենիք ունենալը:

Հայաստանում բազմակարծությանը, քաղաքական ազատություններին, խոսքի ազատությանը, ժողովրդավարությանն այլընտրանք չկա: Սա կարևոր սկզբունք է, որի պահպանման և զարգացման համար մենք դեռևս անելիք ունենք:

Հանդուրժողականությունը մեր երկրում առկա քաղաքական գործընթացների հենասյունն է: Հասունացած խնդիրների լուծման գործում պետք է բացառենք խտրականության, այլակարծության ճնշման և այլ անհարգալից մոտեցումները: Կառուցողական և պատասխանատու քննադատությունը, քաղաքացիական վերահսկողության ինստիտուտների անկաշկանդ գործունեությունն առողջ քաղաքական համակարգի զարգացման և ժողովրդավարական պետությանը բնորոշ իշխանությունների տարանջատման ու հակակշռման սկզբունքով ձևավորված պետական կառավարման համակարգի արդյունավետության գրավականն են:

Քաղաքական այլակարծության վրա խարսխված՝ քաղաքական միավորների կառուցողական երկխոսությունն ապահով Հայաստանի քաղաքական համակարգի զարգացման կարևոր բաղադրիչն է: Նախորդ տարիների ընթացքում մենք կամուրջների գցման քաղաքականություն ենք իրականացրել, և այս սկզբունքը շարունակելու է մնալ մեր օրակարգում: Ազգային և սոցիալական համերաշխության սկզբունքն այլընտրանք չունի:

Միայն գաղափարական և գաղափարախոսական առողջ մրցակցությունն է ժողովրդավարական ավանդույթների ձևավորման և քաղաքական համակարգի համընթաց զարգացման կայուն երաշխիքը: Մեր գործունեության հիմքում կրելով ազգային և ժողովրդավարական արժեքներ՝ մենք կարևորում ենք նաև սփյուռքի մեր գործընկերների՝ ավանդական կուսակցությունների հետ կայուն հարաբերությունները, որոնք միտված են ամրապնդելու Հայաստան-սփյուռք գործակցության զարգացումը և բարենպաստ պայմաններ են ստեղծում «Ապահով Հայաստան» նպատակադրումն իրականացնելու համար:

Հայաստանում բազմակարծության, քաղաքական ազատությունների, խոսքի, մամուլի, խղճի ազատության լիարժեք կենսագործումն այլընտրանք չունի: Այս ուղղություններով մենք միասին մեծ աշխատանք ենք կատարել, բայց դեռևս շատ բան ունենք անելու:

Կայուն և առողջ քաղաքական համակարգը ենթադրում է նաև անընդհատ աջակցություն քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը:

Մենք վճռական ենք` հասնելու այնպիսի իրականության, երբ Հայաստանում ցանկացած քաղաքացի վստահ կլինի, որ իր ձայնը լսելի է, իր քննադատությունը՝ ուշադրության ու հարգանքի արժանացող: Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացումն այլևս փաստ է: Քաղաքացիների ոչ ֆորմալ միավորումները` իրենց հուզող խնդիրները լուծելու նպատակով, դարձել են իշխանությունների որոշումների վրա ազդող և յուրօրինակ հավասարակշռող գործոն: Մենք շարունակելու ենք առաջ գնալ այս ճանապարհով: