բաժանորդագրվելով
այստեղ, դուք կստանաք
այս կայքում կատարվող
բոլոր թարմացումները



Ապահով կարող է լինել միայն արդար Հայաստանը

«Արդար պետություն» նշանակում է քաղաքացիների հետ կարևոր հարցերը քննարկելու և արդարացի որոշումներ ընդունելու կարողություն: Արդար պետությունը պարտավոր է բոլորի համար երաշխավորել հնարավորությունների հավասարություն թե՛ քաղաքական ասպարեզում, թե՛ տնտեսության մեջ, թե՛մշակութային կյանքում, պետք է ապահովի և խթանի մրցակցությունը՝ միևնույն ժամանակ արդյունավետ միջոցներով պաշտպանելով առավել խոցելի սոցիալական խմբերին, պետք է նպատակային և հետևողական գործողություններով կանխի կոռուպցիան:

Արդարությունը հիմնվում է իրավունքի գերակայության, մարդուն, նրա իրավունքներն ու ազատությունները որպես բարձրագույն արժեք ճանաչելու գաղափարի վրա` դրանից բխող հետևանքներով: Արդարության ապահովումը, լինելով բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրը, այնուհանդերձ, դատարանների հիմնական գործառույթն է:

Այս առումով շարունակելու ենք իրականացնել հիմնավոր, արմատական բարեփոխումներ, որոնք կարճ ժամանակում մեր քաղաքացիների համար կապահովեն արդարադատության մատչելիություն, դրա իրական անկախություն ու արդյունավետություն:

Դատարանները, իրապես պաշտպանելով քաղաքացիների իրավունքները, կարող են դառնալ այդ ուղղությամբ մյուս մարմինների գործողությունների խթանիչ: Միայն այդ դեպքում կարող է ապահովվել վստահությունն արդարադատության և դատարանի հանդեպ:

Կարևորվելու են մարդու իրավունքների պաշտպանությունը վարչական մարմիններում, վարչական վարույթի շրջանակներում, քաղաքացիների՝ լսված լինելու իրավունքի երաշխավորումը, մարդկանց հանդեպ բարյացակամության միջավայրի ստեղծումը:

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգը պետք է համապատասխանի իր կոչմանը և ապահովի իրավունքների պաշտպանությունը ոտնձգություններից, քաղաքացիների անվտանգությունն ու ազատությունը պետք է առաջնահերթություն դառնան, պետական մարմինների գործունեությունը պետք է նպաստի սոցիալական արդարության և հասարակական համերաշխության հաստատմանը:

Էապես կվերանայվի քրեական արդարադատության ամբողջ փիլիսոփայությունը: Քաղաքացիները կստանան քրեական գործերով իրենց իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու նոր հնարավորություններ, իսկ իրավապահ մարմիններին կտրվեն հանցավորության դեմ արդյունավետ պայքար իրականացնելու ժամանակակից իրավական գործիքներ: