բաժանորդագրվելով
այստեղ, դուք կստանաք
այս կայքում կատարվող
բոլոր թարմացումները



Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշողը միայն ու միայն Արցախի ժողովուրդն է

Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծում ստանա բացառապես խաղաղ և բանակցային ճանապարհով, միևնույն ժամանակ պատրաստ ենք վճռականորեն պատասխանել յուրաքանչյուր արկածախնդրության և ոտնձգության, որը կսպառնա մեր անվտանգությանը:

Հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը, հայատյացությունը, ուժի կիրառման կամ ուժի սպառնալիքի մշտական իրողությունները՝ բոլոր հնարավոր միջոցներով է՛լ ավելի են մեծացվելու Լեռնային Ղարաբաղի և նրա բնակչության անվտանգության ապահովման երաշխիքները:

Երախտագիտություն հայտնելով Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ներդրած ջանքերի համար՝ շարունակելու ենք միջնորդների ու միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել խաղաղ կարգավորումը հնարավոր դարձնող վստահության ամրապնդման միջոցների անհրաժեշտության վրա: Այս նպատակով ակտիվորեն օգտագործելու ենք նաև խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները: Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը, մասնավորապես՝ դիպուկահարներին հետ քաշելուց և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի գործարկումից հրաժարվելը, մարդասպաններին հերոսացնելը, այլատյացությունը և ռասիզմը խրախուսելը, անհուսալի և բանակցություններում դրսևորվող երկերեսանի կեցվածքը ծայրաստիճան սրում են իրավիճակն ամբողջ տարածաշրջանում: Բնական և բանական կլինի, որ Արցախն օր առաջ զբաղեցնի իր տեղը բանակցությունների սեղանի շուրջ, ուստի մեր ջանքերն ուղղելու ենք այդ հարցի շուտափույթ լուծմանը: Արդյունավետ բանակցությունների վարումը կառուցողական մթնոլորտում հնարավոր կլինի սոսկ այն դեպքում, երբ հակամարտության կողմերն իրապես ցանկանան հասնել խնդրի արդար լուծման՝ հրաժարվելով անհիմն առավելապաշտական նկրտումներից:

Միջազգային գործընթացների համատեքստում այսօր ականատես ենք ինքնորոշման իրավունքի իրացման վառ օրինակների, որոնք չեն հանգեցնում պատերազմների կամ ուժային ճնշումների: Արցախը եվրոպական ընտանիքի մասն է: Եվ մենք միշտ եղել և շարունակում ենք մնալ ղարաբաղյան համակարտության խաղաղ կարգավորման կողմնակից:

Լրացուցիչ ջանքեր ենք գործադրելու Արցախի և միջազգային հանրության շփումները սերտացնելու համար: Պետք է հզորանան սերտ կապերն ու միասնական օրակարգի ներքո գործունեությունը Հայաստանի Հանրապետության, Արցախի և սփյուռքի միջև։
Համատեղ ջանքերով մեր նպաստն ենք բերելու ազատ, անկախ, ժողովրդավարական Արցախի զարգացմանը: