բաժանորդագրվելով
այստեղ, դուք կստանաք
այս կայքում կատարվող
բոլոր թարմացումները



Վերջաբան

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ազատ և արդար ընտրությունների անցկացումը մեզ համար առաջնային խնդիր է: Ազգային Ժողովի վերջին ընտրությունների վերաբերյալ մենք հրաշալի արձագանքներ ստացանք միջազգային կառույցների և դիտորդների կողմից: Դա շատ է ոգևորում: Մենք արդեն որպես պետություն կարողանում ենք ազատ մրցակցության, արտահայտվելու գրեթե կատարյալ ազատության ու ազատ կամարտահայտության պայմաններում ընտրություններ անցկացնել և պատրաստվում ենք շատ ավելի առաջ գնալ այդ ուղիով:

Գաղտնիք չէ, որ մենք միշտ հանդես ենք եկել «հանուն» գաղափարներով, չենք գործել ընդդեմ ինչ-որ մեկի կամ ինչ-որ ուժի, պաշտպանել ենք քննարկումների և հնարավորինս լայն երկխոսության մոտեցումները, առաջարկել ենք ճանապարհ, որը տանում է դեպի Հայաստանի անվտանգության ամրապնդում, դեպի համերաշխություն և մեր ժողովրդի բարեկեցության ապահովում: Վստահաբար ապագայում ևս չենք շեղվի մեր մոտեցումներից: Դարեր ի վեր մաքառումների գնով 21-րդ դար հասած մեր ժողովուրդն Աստծո կամոք և իր կորովի շնորհիվ կրկին ազատ ու անկախ պետություն ունի և ցանկանում է հետ չմնալ զարգացած աշխարհի իրողություններից: Մենք դա՛ պետք է ապահովենք: Պետք է կարողանանք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար ապահով Հայրենիք կերտել և հոգալ յուրաքանչյուր ընտանիքի ապահովվածության խնդիրը: Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ կարողանալու ենք:

Հայաստանի զարգացումն է այն միակ երաշխիքը, որն ապահովելու է մեր ժողովրդի ինքնությունն ու հարատևությունը, քաղաքացիների բարեկեցությունը, մեր սահմանների պաշտպանությունը, մեր տեղն ու դերը միջազգային ասպարեզում:

Բացվող ամեն նոր օր Հայաստանում պետք է տարբերվի նախորդից՝ լինի ավելի լավը: Ապահով Հայաստանի նպատակադրումն իրագործելու ենք հենց այս՝ «ավելի լավ Հայաստանի» տրամաբանությամբ, «բարեկեցիկ, ապրելու ու գործելու համար հարմարավետ, հզոր և անառիկ Հայաստանի» տրամաբանությամբ՝ հիմքում ունենալով ապահով ընտանիքի գաղափարը:

Ապահով Հայաստանում յուրաքանչյուրս պետք է կարողանա իրականացնել իր երազանքները, կյանքի կոչել անձնական, ընտանեկան և ազգային նպատակները՝ անցյալում թողնելով արատավոր երևույթները՝ արտոնյալների դասը, մենաշնորհներն ու ամենաթողությունը:

Պատմության ամենաբարդ ժամանակներում կարողացել ենք պահպանել մեր ինքնությունն ու ազգային արժանապատվությունը՝ հիմնվելով ամուր ընտանիքի, քրիստոնեական հավատքի և ապագայի մեր պատկերացումների վրա:

ԱՊԱՀՈՎ ՀԱՅՐԵՆԻՔ ԵՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԸՆՏԱՆԻՔ՝ սա է մեր զարգացման նպատակադրումը:

Ապահով Հայաստան՝ երեխաների, երիտասարդների, Հայրենիքի սահմանները անառիկ պահպանողների, աշխատավորների, մշակույթի և գիտության գործիչների, գործարարների, կանանց ու տարեցների, բոլոր-բոլորի համար:

Ապահով Հայաստան՝ տունդարձի փափագով, Հայրենիքի կարոտով ապրող հայորդիների համար:

Ապահով և բարեկեցիկ Հայաստան՝ համայն հայության իղձերի իրականացման համար, Հայաստան, որտեղ գնահատվում են մարդու վաստակն ու ավանդը, պատասխանատվությունն ու նվիրումը, որտեղ բոլորը, ինչպես կասեր Գարեգին Նժդեհը, «հավասար են օրենքի և մահվան առջև»:

Ապահով Հայաստան՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների, յուրաքանչյուր հայի համար: