բաժանորդագրվելով
այստեղ, դուք կստանաք
այս կայքում կատարվող
բոլոր թարմացումները



Երիտասարդություն և սպորտ

Երիտասարդների խնդիրները բազմազան են և սերտորեն կապված կրթության, գիտության, զբաղվածության, առողջապահության, զինվորական ծառայության և այլ խնդիրների հետ, իսկ դրանց լուծումները ներառված են համապատասխան ոլորտների զարգացման ծրագրերում: Երիտասարդների կրթության որակի և մատչելիության խնդիրները շարունակելու ենք համարել առաջնահերթ: Ուսման մեջ առաջադիմություն ցուցաբերող և ընդունակ երիտասարդը, անկախ իր սոցիալական վիճակից, մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն է ունենալու: Շարունակելու ենք երիտասարդների գիտակրթական և ստեղծագործական հնարավորությունների՝ առավելագույնս արդյունավետ դրսևորմանն աջակցելուն միտված պետական երիտասարդական քաղաքականությունը:

Ապագայի նկատմամբ վստահություն ունեցող և ապահովված երիտասարդներն են ստեղծելու ամուր և առողջ ընտանիք, ինչն ազգային գենոֆոնդի պահպանման և վերարտադրության խթանման կարևորագույն գրավականն է՝ «Ապահով ընտանիք» նպատակադրման անհրաժեշտ նախադրյալը: Երիտասարդների զբաղվածության խնդիրը շարունակելու ենք դասել այնպիսի առաջնահերթությունների շարքում, որոնք լուծվելու են նոր աշխատատեղերի ստեղծման, երիտասարդների ձեռներեցության խթանման և աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման ճանապարհով:

Ընդլայնելու ենք երիտասարդների բնակարանային ապահովման ծրագրերի ծավալները: Սոցիալապես անապահով երիտասարդների համար մեկնարկելու է նոր սոցիալական բնակարանաշինության ծրագիրը, որը հնարավորություն կտա այդ ընտանիքներին տրամադրել ժամանակավոր պետական բնակարաններ` դրանք ապագայում կամ աստիճանաբար ձեռք բերելու հնարավորությամբ:

Ապահով Հայաստանի նպատակադրումն իրականացնելու գործում կարևոր դերակատարություն ունի սպորտը՝ որպես ամուր ընտանիքի ֆիզիկական և հոգևոր առողջության կարևորագույն բաղադրիչ և միջազգային ասպարեզում մեր երկրի ճանաչման հավելյալ միջոց: Սպորտի բնագավառում մեր քաղաքականության հիմնական ուղղվածությունը պետք է լինի սպորտային խմբակներում և մարզադպրոցներում ընդգրկվածության ընդլայնումը՝ դրանք հասանելի ու մատչելի դարձնելու միջոցով:

Ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականացումն ապահովելու նպատակով կիրառվելու է ֆինանսավորման նոր մոդել, որի հիմքում դրվելու է պետությունհամայնքմասնավոր հատված համագործակցության սկզբունքը: Վերջինիս շնորհիվ բարձրացվելու է մարզական դպրոցների նյութատեխնիկական ապահովվածության մակարդակը: Վերանայվելու է սպորտային դպրոցների՝ որպես լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցող հաստատությունների կարգավիճակը, ներկայացվելու են նոր պահանջներ սպորտային կրթության նկատմամբ: