բաժանորդագրվելով
այստեղ, դուք կստանաք
այս կայքում կատարվող
բոլոր թարմացումները



Կրթություն և գիտություն

21-րդ դարում մրցունակ պետություն նշանակում է մրցունակ կրթական համակարգ, որը պետք է ապահովի ոչ միայն գիտելիքի հաղորդումը, այլև գիտելիքի հետ աշխատելու, գիտելիք ստեղծելու ունակությունը:

Պետության կողմից երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցում ենք կատարելու երաշխավորված անվճար տասներկուամյա (ներառյալ՝ մասնագիտական) կրթություն:

Անվճար բարձրագույն կրթություն ենք ապահովելու սոցիալապես անապահով խավերի համար:

Յուրաքանչյուր առաջին դասարանցու անվճար տրամադրելու ենք համակարգիչ:

Մարզերում կառուցելու ենք նոր մանկապարտեզներ:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող խոցելի բոլոր խմբերի երեխաների, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար ընդլայնելու ենք որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորությունը:

Բարելավելու ենք դասագրքերի և ուսուցչական ձեռնարկների բովանդակությունը: Ներդնելու ենք կրթության արդյունքային ցուցանիշների վրա հիմնված ֆինանսավորման և արդյունավետության գնահատման գործիքներ:

Դպրոցներում ապահովելու ենք համացանցի ամբողջական և որակյալ սփռում:

Վերանայելու ենք ընդունելության քննությունների համակարգը՝ հեշտացնելով դիմորդների մուտքը բուհ, ներդնելու ենք առաջադիմության գնահատման արդյունավետ համակարգ:

Հավատարմագրման եվրոպական համակարգին միանալու միջոցով կազմակերպելու ենք Հայաստանում շնորհված կրթական որակավորումների միջազգային լիարժեք ճանաչում:

Եռապատկելու ենք հայալեզու էլեկտրոնային կրթության բովանդակության ծավալները:

Բարձրագույն տեխնոլոգիական կրթության ոլորտում, համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ, հիմնելու ենք ժամանակակից լաբորատորիաների ցանց:

Բուհերում ուժեղացնելու ենք գիտահետազոտական բաղադրիչը, ներդնելու ենք գիտության ֆինանսավորման ժամանակակից մեթոդներ, առաջնային ուշադրություն ենք դարձնելու հայագիտության զարգացմանն ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս:

Բուհերը պետք է դառնան ժամանակակից հասարակության հենքը՝ միավորելով գիտությունը, դասավանդումը և նորարարական արտադրությունը:

Հետևողականորեն աջակցելու ենք վերջին տարիներին մեր գիտնականների գրանցած հաջողությունների հետագա խորացմանը:

Իրավական ամուր հիմք ենք ստեղծել ակադեմիական գիտության զարգացման համար: Նոր նախաձեռնություններով ենք հանդես գալու գիտնականների սոցիալական պաշտպանվածության բարձրացման ուղղությամբ:

Շարունակելու ենք տարեցտարի ավելացնել գիտությանը պետական բյուջեով հատկացվող միջոցները: Գիտական հիմնարկները ստանալու են գործունեության առավել մեծ ազատություն: Ընդլայնվելու են երիտասարդ գիտնականներին աջակցության ծրագրի ծավալները: Ստեղծվելու են նպաստավոր պայմաններ գիտական հիմնարկների և մասնավոր հատվածի առավել սերտ ու փոխշահավետ համագործակցության համար: