բաժանորդագրվելով
այստեղ, դուք կստանաք
այս կայքում կատարվող
բոլոր թարմացումները



Մշակույթ

Հայաստանի Հանրապետությունն ընտրել է ազգային արժեքների վրա հիմնված, հարուստ հոգևոր նկարագիր ունեցող քաղաքակիրթ հասարակության կառուցման ուղին: Գլոբալացումը լուրջ մարտահրավեր է մեր ժողովրդի համար, որը մշտապես ջանքեր է գործադրել ազգային արժեքային համակարգի հիման վրա իր ինքնությունը պահպանելու համար:

Ստեղծելու ենք նպաստավոր պայմաններ հայ հոգևոր, պատմական ու մշակութային ժառանգության պահպանման, ազգային արժեքների և ավանդույթների զարգացման համար:

Երաժշտության, ֆիլմերի, հեռուստահաղորդումների, գրահրատարակչության ասպարեզում պետական պատվերի տեղադրման միջոցով նպաստելու ենք ազգային և համամարդկային արժեքների տարածմանը:

Ծրագրում ենք ազգային երգ ու պարի դասավանդում դպրոցներում, ինչպես նաև ազգային մշակույթի տարրերի ավելացում կրթական ծրագրերում:

Կարևորում ենք մանուկների ու պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության համակարգերի զարգացման շարունակականությունը` ազգային և համաշխարհային մշակութային արժեքներին, ժողովրդական արվեստի լավագույն նմուշներին, դասական ու ժամանակակից արվեստին հաղորդակցվելու, նրանց կրթության և ստեղծագործական ունակությունների բացահայտման, զարգացման ու ինքնադրսևորման համար պայմանների բարելավմամբ:

Ապահովելու ենք մշակութային ծառայությունների մատչելիությունը, հասանելիությունը, բազմազանությունը, համաչափությունը հանրապետության ամբողջ տարածքում ազգային ինքնության պահպանման և մշակութային դրսևորման համար:

Ակտիվորեն համագործակցելու ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հետ՝ հայ ընտանիքի բարոյական նկարագրի պահպանման, մատաղ սերնդին անցանկալի ազդեցություններից զերծ պահելու և հայեցի դաստիարակություն տալու նպատակով:

Ստեղծելու ենք լրացուցիչ հնարավորություններ ազգային փոքրամասնությունների էթնիկ ինքնության պահպանման և մշակութային լիարժեք դրսևորման համար:

Ամրապնդելու ենք մշակույթի ոլորտի աշխատողների սոցիալական պաշտպանվածությունը:

Մշակույթի ոլորտում ներդնելու ենք տեղեկատվական-հեռահաղորդակցական նոր տեխնոլոգիաներ:

Զարգացնելու ենք մշակութային ժամանակակից ենթակառույցներ, որոնք հնարավորություններ կստեղծեն հայ արվեստը միջազգային ասպարեզում ըստ արժանվույնս ներկայացնելու և համաշխարհային մշակութային գործընթացներում մրցունակ դարձնելու համար: