բաժանորդագրվելով
այստեղ, դուք կստանաք
այս կայքում կատարվող
բոլոր թարմացումները



Առողջ ընտանիքներ

Առողջապահության ոլորտի բարեփոխումներն ընթացքի մեջ են, սակայն մենք դեռևս լուրջ անելիքներ ունենք այստեղ: Այստեղ մեր քաղաքականությունն ուղղված է լինելու հիվանդությունների կանխարգելմանը՝ առողջ կենսակերպի պայմաններ ստեղծելու միջոցով:

Մայրական առողջության և առողջ սերնդի դաստիարակության խնդիրները հատուկ հոգածության առարկա են դառնալու: Հայաստանում ձևավորելու ենք այնպիսի միջավայր, որտեղ մայրությունն ու մանկությունը գտնվում են հասարակության և պետության պաշտպանության ու հովանավորության ներքո: Վերարտադրողական առողջության պահպանման ծառայությունները պիտի լինեն առավելագույնս հասանելի և որակյալ Հայաստանի ողջ տարածքում: Մեր երկրի բոլոր համայնքների բնակիչները պիտի կարողանան մայրաքաղաքի բնակչի հետ հավասար օգտվել որակյալ բժշկական ծառայություններից:

Ծնելիությունը խթանելու նպատակով ներդնելու ենք մայրական կապիտալի համակարգ: Մեր ջանքերը ուղղելու ենք ապահով Հայաստանի ընկալման ձևավորմանը, որտեղ մայրանում են իրենց մանկան ապագայի նկատմամբ ունեցած վստահությամբ:

Երրորդ և չորրորդ երեխաների ծննդյան դեպքում տրվող միանվագ նպաստի չափը պետք է լինի խրախուսական, իսկ 5րդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում պետության կողմից տրվող աջակցությունն էապես կնպաստի բազմազավակ ընտանիքների կյանքի պայմանների բարելավմանը: Բազմազավակ ընտանիքները դիտարկվելու են որպես ապահով հասարակության կարևորագույն օղակ:

Պետական պատվերի շրջանակներում որոշ հիվանդությունների տեսակների և սոցիալապես անապահով խավերի համար ներդնելու ենք բժշկական ապահովագրության ինստիտուտը:

Բժիշկների պարտադիր վերապատրաստման, այդ թվում՝ աշխարհի լավագույն առողջապահական կենտրոններում համապատասխան մեխանիզմի ներդրման միջոցով ապահովելու ենք հիվանդությունների ճշգրիտ և վաղ ախտորոշում, որակյալ բուժում, ինչպես նաև հետվիրահատական վերականգնողական շրջանի բարձրորակ իրականացում:

Շարունակելու ենք մարզային բժշկական հաստատությունների վերակառուցման և վերազինման ծրագրի իրականացումը:

Առաջին անգամ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար երաշխավորելու ենք սրտի անհետաձգելի վիրահատությունը: Կառուցելու ենք միջազգային չափանիշներին համապատասխան արյունաբանության հիվանդանոց: Հիմնելու ենք ուռուցքաբանական կենտրոն, որը կընձեռի ժամանակակից գիտական մեթոդներով նորագոյացությունների հայտնաբերման, ախտորոշման և որակյալ բուժման հնարավորություն: Մենք պարտավորվել ենք Հայաստանը դարձնել առողջապահության գերազանցության տարածաշրջանային կենտրոն և չենք շեղվելու ստանձնած պարտավորությունից: Նախատեսում ենք ներդրումներ՝ բիոտեխնոլոգիաների և դեղագործության ժամանակակից արտադրություններ հիմնելու համար:

Աջակցելու և խրախուսելու ենք բուժհաստատությունների արդիականացմանը, նորագույն տեխնիկական միջոցներով հագեցմանը և բուժման գերժամանակակից տեխնոլոգիաների ներմուծմանը: Փոքր քիմիայի զարգացման ծրագրի շրջանակում պետականորեն հովանավորելու ենք եզակի դեղանյութերի և դեղամիջոցների ստեղծման, արտադրման և արտահանման գործընթացը: