բաժանորդագրվելով
այստեղ, դուք կստանաք
այս կայքում կատարվող
բոլոր թարմացումները



Սոցիալապես պաշտպանված ընտանիքներ

Մենք վերանայել ենք մեր մոտեցումն աղքատության հաղթահարման խնդրի նկատմամբ. սոսկ նպաստներով և սոցվճարներով այս խնդիրը չի լուծվի, մենք պետք է վերացնենք աղքատությունը ծնող պատճառները:

Յուրաքանչյուր ընտանիք պետք է կարողանա աշխատանքով ապահովել իր բարվոք կենցաղը, իսկ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքը պետք է զգա պետության իրական աջակցությունն ու օգնությունը:

Շարունակելու ենք համալիր սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը՝ որպես ապահով ընտանիքի երաշխիք:

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը նշանակում է նոր որակի ծառայությունների տրամադրում, շահառուի սոցիալական վիճակի վրա ներազդելու՝ սկզբունքորեն նոր մեթոդների և մեխանիզմների կիրառում: Մասնավորապես, նախատեսվում է սոցիալական պաշտպանության ոլորտում անցում կատարել դեպի ակտիվ, նախաձեռնողական քաղաքականություն, որի շրջանակներում հետևանքների վերացմանը միտված պասիվ ծրագրերի (դրամական վճարներ, արտոնություններ) հաշվին ընդլայնվելու են սոցիալական անբավարարվածություն (սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն) ծնող պատճառների չեզոքացմանն ու կանխարգելմանը միտված ծրագրերը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ կանխարգելումը շատ ավելի արդյունավետ և նվազ ծախսատար է: Արդյունքում սոցիալական պաշտպանության ոլորտը զուտ վերաբաշխման գործառույթ կատարելու փոխարեն նպաստելու է մարդկային կապիտալի զարգացման միջոցով տնտեսական աճի ապահովմանը:

Նշված անցումը ենթադրում է նաև շահառուին տրամադրվող սոցիալական ծառայությունների տեսակների ընտրության հիմքում դրված սկզբունքների փոխակերպում: Մասնավորապես, նշված գործընթացի հիմքում դրվելու է ոչ թե շահառուի ներկայացրած «պահանջարկը», այլ նրա կարիքը, որը կբացահայտվի առկա իրավիճակի համապարփակ վերլուծության արդյունքում:

Համալիր սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման շրջանակներում կվերաիմաստավորվեն նաև սոցիալական աշխատանքի բովանդակությունը, ինչպես նաև սոցիալական աշխատողի տեղն ու դերը հասարակական հարաբերություններում:

Ծախսային առաջնահերթություն են լինելու կենսաթոշակների չափերի շարունակական բարձրացումները՝ որպես նշանակետ ընտրելով ցածր եկամուտներ ստացող կենսաթոշակառուներին: Նույնիսկ ամենացածր կենսաթոշակը պետք է բավարարի կենսաթոշակառուի կենսական պահանջմունքները: Կուտակային համակարգի ներդրմամբ կենսաթոշակային ապահովության խնդիրը կստանա հիմնարար լուծում:

Յուրաքանչյուր ընտանիք պետք է զգա պետության հոգածությունը:

Հաշմանդամ անձանց համար պետք է ստեղծվեն առնվազն նվազագույն պայմաններ՝ հասարակության մեջ նրանց ներառումն ապահովելու (ամբողջական դարձնելու) համար: Հատուկ ուշադրություն ենք դարձնելու հաշմանդամների զբաղվածության խնդիրներին:

Մի քանի տարում ավարտելու ենք զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային ապահովման խնդրի լուծումը, արագացնելու ենք տեմպերը նաև հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների կարիքների բավարարման ուղղությամբ: