բաժանորդագրվելով
այստեղ, դուք կստանաք
այս կայքում կատարվող
բոլոր թարմացումները



Համաչափ զարգացում երկրի ամբողջ տարածքում

Տարածքների համաչափ զարգացումը շարունակելու է մեր քաղաքական օրակարգում առաջնահերթություն մնալ:

Շարունակելու ենք Երևանի «բեռնաթափման» համալիր ծրագիրը` պետական, նաև կրթական, մշակութային և տնտեսական առանձին գործառույթներ բաշխելով հանրապետության այլ տարածքներում, ինչպես նաև բարձրացնելով քաղաքների դերը հանրային գործընթացներում:

Շարունակելու ենք ներդնել արդյունավետ սեփականատիրության լավագույն նորմերը՝ մեր ազգային հարստության և հատկապես հողի լիարժեք օգտագործումն ապահովելու նպատակով:

Ապահովելու ենք համապատասխանությունը տեղական իշխանությունների իրավասությունների և ֆինանսական ռեսուրսների միջև՝ հետևողականորեն ավելացնելով համայնքների ինքնակազմակերպման հնարավորությունները:

Համայնքներում հետևողականորեն ավելացնելու ենք ծառայությունների տեսականին՝ միաժամանակ բարձրացնելով դրանց որակը: Համատիրությունների կայացման նպատակով իրագործելու ենք հեռագնա հատուկ ծրագրեր, պետական օժանդակությամբ կիրառելու ենք նոր մեխանիզմներ:

Հարկային քաղաքականությամբ ուղղորդելու ենք ներդրումները դեպի համայնքներ՝ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Բարձրացնելու ենք ներկայացուցչական մարմինների դերը: Համայնքի ղեկավարի կողմից ընդունվող որոշումների և նրա գործունեության նկատմամբ սահմանելու ենք արդյունավետ վերահսկողության մեխանիզմներ:

Հասարակության կողմից վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով ավելացնելու ենք այդ մարմինների գործունեության թափանցիկությունը: Համայնքային ծառայությունների և դրանց մատուցման որակը հանրապետությունում դարձնելու ենք համադրելի:

Միջհամայնքային միավորումների ձևավորմամբ նպաստելու ենք համայնքների կարողությունների հզորացմանը և արդյունավետ կառավարմանը: Տարածքների արդյունավետ զարգացումն ապահովելու ենք համայնքային նախաձեռնությունների խրախուսման միջոցով: Սահմանամերձ և սոցիալապես խոցելի համայնքների համար իրականացնելու ենք հստակ օժանդակության ծրագրեր:

Ներդնելու ենք գույքահարկի արդարացի համակարգ: Ենթակառուցվածքների ոլորտում ապահովելու ենք ներդրումների առաջանցիկ տեմպը: Տարեցտարի բարելավելու և ավելացնելու ենք ջրամատակարարման տևողությունը: Ձեռնարկությունները ու բնակիչներին վերջնականապես ապահովելու ենք կայուն և անխափան, լարման տատանումներից զերծ էլեկտրաէներգիայով:

Շարունակելու ենք վարել էներգիայի վերականգնվող աղբյուրների և այլընտրանքային էներգետիկայի նպատակային զարգացմանը միտված քաղաքականություն: Ավարտելու ենք Իրան-Հայաստան և Վրաստան-Հայաստան 400 ԿՎ լարման էլեկտրահաղորդման օդային գիծը:

Նախատեսված ժամկետներում ավարտելու ենք «Հյուսիսհարավ» արագընթաց ճանապարհի և ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի կառուցումը:

Նոր թափ ենք հաղորդելու Երևանի ավտոճանապարհների և հանգույցների շինարարությանը, որով կթեթևանա Երևան քաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը: Այլ քաղաքներում ևս ավելացնելու ենք ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի իրականացման տեմպերը:

Նորացնելու և արդիականացնելու ենք հասարակական տրանսպորտը: Հիմնովին վերափոխելու ենք միջքաղաքային ու ներքաղաքային տրանսպորտի կառավարման համակարգը: Ապահովելու ենք մարդատար և բեռնատար փոխադրումների մրցունակ գների մակարդակ:

Հանրապետության ողջ տարածքում ապահովելու ենք բնակչության գերակշիռ մեծամասնության կողմից համակարգիչների և համացանցի օգտագործման հնարավորությունը: