բաժանորդագրվելով
այստեղ, դուք կստանաք
այս կայքում կատարվող
բոլոր թարմացումները



Ապահով հայրենիք

Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որը խարխափում է ատելության հետևողական սերմանման ու պատերազմի հռետորաբանության սարդոստայնում, և որտեղ կան բազում սպառնալիքներ ու վտանգներ: Որոշ երկրներ առանձին դեպքերում նույնիսկ կասկածի տակ են առնում հայերի` իրենց պատմական հողում ապրելու իրավունքը: Մեր տարածաշրջանում մեծ է զինված բախումների հավանականությունը: Սպառազինության մրցավազքը և ապաշրջափակումը տարածաշրջանի կայունության ու անվտանգության գլխավոր մարտահրավերներն են և շարունակելու են ձևավորել հիմնական քաղաքական օրակարգը: Բաժանարար գծերը, այլատյացությունը և հակամարտություններն ուժի կամ ուժի սպառնալիքի ու բռնի միջոցներով լուծելու որոշ հարևանների նկրտումները իրական սպառնալիք են տարածաշրջանի ժողովուրդների խաղաղ ապագայի համար և շարունակելու են մերժված մնալ: Հայաստանի մեկուսացմանը միտված տարածաշրջանային ծրագրերը չեն կարող նպաստել տարածաշրջանի կայունության, անվտանգության և զարգացման ապահովմանը: Մենք շարունակելու ենք մեր ծանրակշիռ ներդրումն ունենալ տարածաշրջանում փոխվստահության ապահովման գործում:

Ոչ մի ժողովուրդ և ոչ մի ազգ հայ ժողովրդի կողմից չի ընկալվում որպես թշնամի։ Նույն կերպ հայ ժողովուրդը պահանջել և պահանջելու է, որ հարևան երկու երկրների իշխանությունները դադարեցնեն հայ ժողովրդի գոյությունը, ինքնիշխանությունը, կայուն ու անվտանգ զարգացման իրավունքը մերժող ու սեփական հասարակությանը դեպի բռնություն և այլատյացություն մղող քաղաքականությունը:

Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը միտված մեր գործողություններն ուղղվելու են առաջին հերթին ազգային անվտանգությանը սպառնացող առկա և հնարավոր ռազմաքաղաքական սպառնալիքների բացահայտմանն ու չեզոքացմանը, մեր ազգային բանակի մարտունակության շարունակական բարձրացմանն ու սպառազինմանը:

Շարունակելու են հետևողականորեն ընդլայնվել անվտանգության ապահովման շրջանակները՝ ուղղված քաղաքացու, ընտանիքի, ազգի և պետության անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Արժևորելով անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ նրա կանոնադրությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների և նպատակների իրականացումը շարունակելու է մնալ առաջնային: Հայաստանը հետևողականորեն իր ներդրումն է բերելու ՀԱՊԿ հետագա ամրապնդման գործում:

Միաժամանակ շարունակելու են խորանալ գործընկերային հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի հետ՝ հետապնդելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտունակության բարձրացման, զինված ուժեր հասարակություն համագործակցության խորացման, պաշտպանական համակարգի շարունակական բարեփոխման նպատակներ: